Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը: Անձնակազմի անդամները չեն տուժել:

Բախումը տեղի է ունեցել Սեւ ծովի հարավարեւմտյան մասում՝ Բոսֆորից 40 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը ճեղքվածք է ստացել:

«Սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավի անձնակամի բոլոր անդամները ողջ ու առողջ են, եւ ներկայում նախապատրաստվում է թուրքական փրկարար նավից նրանց տարհանումը ռուսական նավ»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենը նավից տարհանվել են 78 ռուս նավաստիներ:
Ըստ Reuters-ի տվյալների, նավը, որին բախվել է ռուսական «Լիման»-ը, ընթանում է Տոգոյի դրոշի ներքո: Հաղորդվում է, որ այն կենդանիներ էր փոխադրում:

Գործակալությունը, հղում անելով GAC տրանսպորտային ընկերությանը, նշում է, որ բախումը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում: