Վերջին օրերի ամենաինտրիգային ու ամենահրատապ իրադարձություններից մեկը, եթե ոչ գլխավորն, անկասկած, Մոսկվայում Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով՝ այլևս ավարտված հանդիպումն էր: Հնչած կարծիքները, որոնք նախորդեցին այս հանդիպմանը, պետք է խոստովանել, որ չափազանց հակասական էին. ոմանք ուղղակի համոզված էին, որ հանդիպմանը կոնկրետ ճնշումներ են գործադրվելու հայկական կողմի վրա, ոմանք էլ պնդում էին, թե այն ընդամենը միջանկյալ բնույթ կրող է ու ոչ մի կտրուկ փոփոխություն Մոսկվան չի նախատեսում կատարել իր վերջին շրջանի՝ համեմատաբար հավասարակշռված քաղաքականության մեջ:

 

Եվ ահա՝ արդեն իսկ հայտնի է այն հայտարարության բովանդակությունը, որը հաջորդել է եռակողմ հանդիպմանը. Մոսկվան, ըստ էության, կոչ է արել կողմերին՝ հետամուտ լինել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը:


Եվ այսպես՝ ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է մեկ բան. ներկայում Մերձավոր Արևելքում ստեղծված գրեթե անկանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Ռուսաստանի համար ստեղծվել է չափազանց զգայուն իրավիճակ, Ռուսաստանն անելու է ամեն բան՝ գոնե միառժամանակ թույլ չտալու իրավիճակի սրում՝ Անդրկովկասում: Մի խոսքով՝ փխրուն խաղաղությունը դեռևս որոշակի ժամանակ կպահպանվի ու Ալիևի քմահաճույքները կմնան այդպես էլ չբավարարված: Իրականում՝ Ռուսաստանն Անդրկովկասում կտրուկ շարժումների կդիմի միայն մեկ պայմանի առկայության պարագայում՝ եթե վստահ լինի, որ հայ-ադրբեջանական վեճը կզարգանա բացառապես իր հովանու ներքո, ու երրորդ երկրները չեն միջամտի հարցին: Այդ դեպքում միայն Կրեմլը կարող է ճնշում բանեցնել հակամարտող կողմերից ցանկացածի վրա՝տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար: Հիմա դեռևս այդ պահը չի հասունացել ու դժվար թե մինչևր 2018-ը հասունանա...


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ