Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին ադրբեջանական Թրենդ գործակալությանն ասել է, թե Վրաստանն ու Իրանը պետական մակարդակով չեն բանակցում Իրանից Վրաստան գազի մատակարարման շուրջ:

Նա ասել է, որ տեսականում կա մատակարարման տարբերակ թե՛ Ադրբեջանի տարածքով, թե՛ Հայաստանի, բայց Վրաստանի շուկայի համար օպտիմալը, ներկայում՝ ադրբեջանական գազի մատակարարումն է: Հայաստանի տարբերակում հնարավոր է, այսպես ասած՝ սվոպ մատակարարումը, այսինքն՝ փոխանակումը. Իրանը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ դրա դիմաց էլ Հայաստան եկող ռուսական գազից ստանում է Վրաստանը՝ իրանականի փոխարեն:

Իրականում՝ Վրաստանի համար շահավետ չէ Հայաստանը դիտարկել իբրև տարանցիկ երկիր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նկատառումներից ելնելով: Քաղաքական պատճառներն ակնհայտ են՝ ռուս-վրացական հարաբերությունները թեև թշնամական չեն, սակայն լարվածության թոթափման նշաններ ևս չեն նկատվում: Հաշվի առնելով Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հայտը, մոտակա ժամանակահատվածում հարաբերությունների կարգավորում ակնկալել պետք չէ:

Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև հայ-իրանական հարաբերությունների ջերմացումը, ինչին ռուսական կողմը անթաքույց խանդով է նայում: Ադրբեջանի տարածքով գազի ներկրումը տնտեսական առումով ավելի շահեկան է վրացական կողմի համար, քանի որ այստեղ չկա շահ ակնկալող երրորդ կողմը, որն առկա է մեր դեպքում: Հայաստանն էլ Իրանի համար հուսալի տարանցիկ ճանապարհ չէ, քանի որ «արանքում» կա Ռուսաստանի ազդեցությունը, իսկ տվյալ դեպքում՝ Գազպրոմը: Թերևս, այս նախագծի իրականացման հարցում ամեն բան մեր դեմ է: Թե ինչ է մեզ հարկավոր, ակնհայտ է. նոր հայ-իրանական գազամուղ, որը կունենա ավելի մեծ տարանցիկ թողունակություն և հնարավորություն կընձեռի դառնալ տարածաշրջանային պրոյեկտների առանցքային դերակատարներից մեկը:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ