Օրերս ռուսական ԶԼՄ-ները տարածեցին ուշագրավ մի տեղեկատվություն, թե ռուսական «Ռուսհիդրո» ընկերությունը մոտ ժամանակներս քննարկելու է Սևան-Հրազդան հիդրոկասկադի վաճառքի հնարավորությունը:

Հարկ է հիշատակել այն փաստը, որ ժամանակին հիդրոկասկադը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով տրվեց ռուսական կողմին: Մինչ օրս որևէ տեղեկատվություն չկա, թե այն ինչ գնով է վաճառվելու: Մնում է միայն հուսալ, որ հիդրոկասկադը չի դառնա հերթական գործարքի առարկան, գործարքի՝ որը որևէ կերպ չի բխի մեր էներգետիկ շահերից: Թե՛ ռուսական, թե՛ հայկական էներգետիկ շուկաներում տրանսֆորմացիայի ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Այս տեսանկյունից ևս հետաքրքիր է, թե ով ի վերջո կդառնա Սևան-Հրազդան հիդրոկասկադի գնորդը:

Հրազդանի ՋԷԿ-ի 4-րդ էներգաբլոկը ռուսական պետական ընկերությանն էր տրված, հիմա սեփականատերը Տաշիր Գրուպն է: Հաշվի առնելով Իրան-Հայաստան էներգետիկ ծրագրերի առկայությունը, ինչը էական գործոն է, այդ թվում՝ դրանով է պայմանավորված, որ Տաշիր Գրուպը ցանկանում է իր ներկայությունը և կշիռը մեծացնել Հայաստանի էներգետիկ շուկայում: Այս պարագայում՝ հարկ է նախ և առաջ հստակ պատկերացնել, թե Տաշիր Գրուպն ի վերջո ռուսակա՞ն կապիտալն է ներկայացնում, թե՞ հայակական, միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ՝ մենք գործ ունենք ռուսական կապիտալի արտահոսքի հե՞տ, թե՞ կապիտալը շարունակելու է մնալ ռուսական, պարզապես՝ այն ձևակերպվելու է փոքր-ինչ այլ կերպ:

Թե ինչով են պայմանավորված այս փոփոխությունները, որոնց այսօր ականատես ենք լինում՝ դժվար է ասել: Թերևս իրական պահանջ է առաջացել վերաբաշխել ֆինանսական միջոցները: Մյուս ուշագրավ առանձնահատկությունը կայանում է ռուսական կողմի տարակուսելի լռության մեջ: Սովորաբար՝ նման գործարքները լայն քննարկման են ենթարկվում Ռուսաստանում, մինչդեռ այս պարագայում հիդրոկասկադը վաճառքի հանելու վերաբերյալ տեղեկատվությունը շատ արագ կորավ լրատվական դաշտում:

Իրականում՝ Սևան-Հրազդան հիդրոկայանը ահռելի նշանակություն ունի ներդրումների ներգրավման առումով, այդ իսկ պատճառով՝ մեր համար հույժ կարևոր պետք է լինի, թե ով է գնորդը և ինչ պայմաններով է այն վաճառվում: Ճիշտ է՝ ռուսական կողմը Հայաստանում ներդրումային ակտիվությամբ աչքի է ընկնում հենց էներգետիկ ոլորտում, սակայն փաստ է, որ ռուսական ընկերություններն արդյունավետ չեն գործել:

 

Ստելլա Խաչատրյան