Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Հայաստանի ու Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակալի իրադարձությունը Նախագահ Սարգսյանը ևս մեկ լավ առիթ է համարել արժևորելու և բարձր գնահատելու երկու երկրների ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները: Հանդիպմանը Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. նոյեմբերին իր պետական այցը բարեկամ Լիբանան և պետնախարարին խնդրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնի այցը և դրա շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումներն իրենց հերթին աշխուժություն կհաղորդեն հայ-լիբանանյան հարաբերություններին, որոնց շարունակական ամրապնդումը բխում է երկու ժողովուրդների շահերից:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերի պետական նախարար Միշել Պիեռ Ֆարաոնին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լիբանանի պետնախարարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում ունեցած հանդիպումների ու քննարկումների մասին: Նա նշել է, որ այցի օրերին հնարավորություն է ունեցել ծանոթանալու Հայաստանի տնտեսական հնարավորություններին, ուսումնասիրելու ներդրումային միջավայրը, որից տպավորված է և կարծում է, որ բավականին լավ պայմաններ են ստեղծված ներդրումների ներգրավման համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը միջպետական կապերի և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով հայ-լիբանանյան համագործակցությանը: