Փաստաբանների մասնակցությամբ ծեծկռտուքի և ակնհայտ խուլիգանության մասին երեկվանից տարատեսակ գնահատականներ են հնչում: Աննախադեպ այս երևույթն արդեն իսկ զայրացնող է: Սա նման է պատմության, որ ոչ թե շունն է կծում մարդուն, այլ մարդը՝ շանը: Օրենքը խախտում են օրենքի պաշտպանները:

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ իր գրասենյակում հարձակման է ենթարկվել: Հարձակման ժամանակ ծեծի է ենթարկվել նաև փաստաբան Արմեն Սողոմոնյանը: Հարձակվողներն են եղել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։

Գանք պատմության սկզբից: Տևական ժամանակ է, ինչ փաստաբանական համայնքում տիրում է լարված և անհանդուրժողական մթնոլորտ: Պալատում ձևավորվել է, այսպես ասած, դիմություն և ընդդիմություն: Մի մասը դժգոհ է Արա Զոհրաբյանի կառավարման մեթոդից՝ հայտարարելով, որ պալատում տեղի են ունենում տարատեսակ չարաշահումներ: Հայտարարվում է նաև, որ Արա Զոհրաբյանի կառավարման ընթացքում փաստաբանները կորցրել են իրենց անկախությունը և վեր ածվել ենթակաների: Մեծամասնությունն էլ սատարում է պալատի ղեկավար Արա Զոհրաբյանին և նրա թիմին:

Տիգրան Աթանեսյանը, որն, ի դեպ, բավականին հայտնի և հարգված փաստաբան է, հաճախ է սոցիալական ցանցերում իր դժգոհությունները հայտնում պալատի նախագահից և պալատի ղեկավար կազմից: Այս անգամ էլ գրառումները, հայտարարությունները, քննադատությունները վերածվեցին ծեծկռտուքի:

Փաստաբանը, ով իր կոչումով պարտավոր է հարգել մարդու արժանապատվությունը և իրավունքները սոցիալական ցանցում, հրապարակային սեռական բնույթի տգեղ հայհոյանքներ է հասցնում ՓՊ փաստաբանական դպրոցի տնօրենին: Տիգրան Աթանեսյանը բոլորի ներկայությամբ վիրավորում է իր գործընկեր մեկ այլ փաստաբանի: Այնպիսի բառեր արտաբերելով, որոնք այստեղ գրելն ուղղակի ամոթ է:

Այս «քֆուրները» չի մարսում Սիմոն Բաբայանը: Խնդիրը հանգուցալուծվում է տգեղ միջադեպով: Ծեծ, քաշքշուկ, կապտուկներ:

Թե ինչու այդպես եղավ և ով է մեղավոր, թողենք իրավապահներին ու անցնեք հարցի մեկ այլ կողմին:

Պարոնա՛յք փաստաբաններ, չե՞ք ամաչում: Ի՞նչ պետք է սովորեն ձեզնից ձեր՝ բանտերում գտնվող պաշտպանյալները: Նրանք հաճախ են ձեզնից օրինակ վերցնում: Ի՞նչ օրինակ եք ծառայում նրանց համար: Կամ, ինչո՞վ եք դուք տարվերվում բանտերի ձեր խուլիգան ու ծեծող պաշտպանյալներից:

Ի վերջո՝ իրար մեր ու մանուկ հայհոյելով, հայհոյում եք ձեր մասնագիտությունը, իսկ իրար ծեծելով, ծեծում եք ձեր ամբողջ, առանց այն էլ՝ քննադատվող փաստաբանական համայնքը:

Անհասկանալի էր նաև այն, որ այս ամենի մեջ մեղադրում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին: Ի՞նչ է արել նա: Վիրավորե՞լ է, ծեծե՞լ է, թե՞ դրդել է, որ Տիգրան Աթանեսյանը հայհոյի, հետո էլ Սիմոն Բաբայանը ծեծի Տիգրան Աթանեսյանին: Ստացվում է, որ  մեկը վիրավորում է, մի ուրիշը ծեծում, բայց մեղավոր է Արա Զոհրաբյանը:

Պարոն Աթանեսյան, Դուք, այո՛, մեղավոր եք, որ չեք կարողանում քաղաքակիրթ պայքարել և վիրավորում եք Ձեր գործընկերոջը: Սխա՞լ են անում, դրա համար կա դատարան:

Պարոնա՛յք ծեծող փաստաբաններ, այո՛, դուք էլ եք մեղավոր, որ չեք զսպում ձեզ և հավասարվում եք վիրավորողի մակարդակին, և ձեր հերթին հաշիվ եք մաքրում: 

Երկու կողմն էլ մեղավոր է, և կարծես թե ճիշտ էլ գտել եք իրար: Մեկդ մյուսինն արժանի էլ մրցակից եք, որ մինչ օրս քաղաքավարություն, բարեկրթություն, արժանապատվություն քարոզելով, անցնում եք բոլոր սահմանները: Պարզվեց, որ դուք կեղծ բարեպաշտներ եք: Պարզվեց նաև, որ դուք ունակ եք հայհոյելու, ծեծելու, հարձակվելու, վիրավորելու…

 

Արսեն Սանամյան