Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Հայաստանի ու Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակալի իրադարձությունը Նախագահ Սարգսյանը ևս մեկ լավ առիթ է համարել արժևորելու և բարձր գնահատելու երկու երկրների ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները: Հանդիպմանը Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. նոյեմբերին իր պետական այցը բարեկամ Լիբանան և պետնախարարին խնդրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը: