Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահին Հայաստան այցի և Երևանում գումարված' Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին բերած մասնակցության առիթով: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ մարդկանց կյանքը փրկելու և քաղցկեղով տառապող հիվանդներին հույս ներշնչելու աստվածահաճո առաքելության է լծված Հորդանանի արքայադուստրը:

Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղղված քայլերը, որոնք կնպաստեն քաղցկեղի կանխարգելմանը և բուժմանը, խոսեց բնակչության իրազեկվածության, ինչպես նաև առողջապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը տիկին Դինա Մայրեդին ներկայացրեց առողջապահության ոլորտում Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերը' հավելելով, որ եկեղեցին մշտապես իր հավատացյալներին հորդորում է աջակցել առողջական խնդիրներով տառապող մարդկանց, դրսևորած սրտակցությամբ թեթևացնել նրանց ցավն ու տառապանքը:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը ևս անդրադարձ է կատարել քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում միության կողմից իրականացվող ծրագրերին, ներկայացրեց Հայաստան այցից իր տպավորությունները: Քաղցկեղի կանխարգելման և հիվանդների խնամատարության գործում արքայադուստր Դինան նաև կարևորեց կրոնական հաստատությունների և առաջնորդների դերը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է 2000 թ. հովվապետական իր այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Խոսվեց Հորդանանի հայ համայնքի, ինչպես նաև երկրում տարբեր ազգային և կրոնական համայնքների ջերմ փոխհարաբերությունների ու խաղաղ համակեցության մասին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը իր օրհնությունն է բերել Դինա Մայրեդին և մաղթել Բարձրյալի զորակցությունը նրա օգտաշատ առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: