Դավիթաշենում 23 բարդի հատելու համարմեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ապրիլի 28-ին ազատ է արձակվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

 

Պաշտպանը նշեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազին, որն էլ բավարարվել է:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

 

Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը' խոշոր վնաս պատճառելով: Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և կալանավորել Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին:

Ալեքսան Սամսոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Սոնա Հարությունյան