Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՅԴ-ի հետ «Հանրապետական» կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ, այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու և ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները:

 

Այդ քննարկումներն առայժմ ընթանում են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև: Երբեմն նաև վարչապետ Կարեն Կարապետյանն է ներգրավվում այդ քննարկումներին: Իսկ մինչ այդ՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Կարապետյանին դուր չի գալիս ոչ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը, այլև այդ կուսակցության նախարարների թեկնածուները: Խոսքը վերաբերում է հատկապես գործող նախարարներին, մասնավորապես, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին ու Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

 

Սակայն քչերն են Կարապետյանի հակադրությունը կոալիցիոն կառավարության ձևավորմանը՝ դիտարկում ներիշխանական պայքարի համատեքստում: Նախագահ Սերժ Սարգսյանը կարծես չի ցանկանում հեռանալ իշխանության ղեկից, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համարում է մեծամասամբ իր աշխատանքի արդյունքը: Երկու գործիչներն էլ ունեն երկիրը ղեկավարելու հավակնություն, սակայն նրանցից մեկը պետք է հետ քայլ անի: Կասկած չի հարուցում այն, որ «Դաշնակցության» հետ կոալիցիա կազմելու գաղափարը բխում է հենց նախագահից և հավանության է արժանանում Հանրապետականի հենց այն կոնտինգենտի մոտ, որն այդպես էլ չհամակերպվեց Կարապետյանի քաղաքական ամբիցիաներին և կոշտ գործելաոճին:


Հանրապետականը ունակ էր միանձնյա կառավարություն կազմել և ստեղծված իրավիճակում նման քաղաքական «բարեգործության» կարիք բնավ չէր զգացվում: Կարծիքներ են հնչում, որ Հանրապետականը պարզապես խուսափում է միաձնյա պատասխանատվությունից եւ որոշում այնպիսի քաղաքական ուժի հետ առաջ շարժվել, որն որ ունի համահայկական, համազգային նշանակություն, քանի որ ինչպես եւ կարելի է սպասել, առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կսկսվեն որոշ գործընթացներ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված եւ այստեղ արդեն հայաստանյան իշխանությունն իր գործողությունները Սփյուռքի առաջ հիմնավորելու, արդարացնելու կարիք կունենա, ինչն էլ կանի արդեն իշխանության մաս կազմող եւ պատասխանատվությունը ՀՀԿ-ի հետ ստանձնած ՀՅԴ-ն:

 

Դա քաջ հասկանալով, «Դաշնակցություն»-ը փորձում է ավելին ստանալ, քան 2015-ին: Իսկ սոցիալիստների նման նկրտումներին կարծես հակադրվում է միայն վարչապետ Կարապետյանը, ով այս պարագայում խնդիր ունի պահպանել դիրքերը ներքաղաքական լարված մրցապայքարում: Ակնհայտ է, որ «Դաշնակցության» հետ կոալիցիա կազմելը ուղղակիորեն հարվածելու է վարչապետի դիրքերին, քանի որ արդյունքում ուժեղանալու են նախագահի դիրքերը, իսկ Կարապետյանը ՝ զրկված լինելով ՀՀԿ-ում անհրաժեշտ մակարդակի աջակցությունից, հայտնվելու է ՛էլ ավելի դժվարին կացության մեջ:

 

Չմոռանանք, որ ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժն է, որը հրապարակավ հայտարարել է, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը՝ վարչապետի պաշտոնում: Այդ մասին ժամանակին ասել է ՀՅԴ ղեկավարներից՝ Արմեն Ռուստամյանը: Բացի այդ, ՀՅԴ-ն «օտար մարմին» է ՀՀԿ իշխանական համակարգում, որով էլ մեծանում է նրա արժեքը՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ոճի ու ծրագրերի առումով: Փաստացի, ՀՅԴ ներկայությունը կառավարությունում՝ կապելու է Կարեն Կարապետյանի ձեռքերը թե՛ սեփական կառավարություն ձեւավորելու, թե՛ քաղաքական քայլերի ազատության առումով:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ