Երեկ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Երեկոյան ժամը 21-ից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ և խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծել գյուղը: Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, այս պահին իրավիճակը հանգիստ է: Նրա խոսքով՝ երեկոյան՝ ժամը 21:30-ի կողմերը կրակոցներ են եղել գյուղի տների ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան: «Գյուղը նյութական վնասներ է կրել, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չունենք: Երեկոյան գնակոծությունը մոտ կես ժամ տևեց»,- փոխանցեց Սահակյանը:

 

Գյուղապետը նշեց՝ վնասվել են տանիքներ ու պատուհաններ, իսկ պատերի մեջ մինչև հիմա խրված են գնդակները:


Նրա խոսքով՝ բնակիչներն արդեն սովորել են այս լարված վիճակին. «Սահմանն անընդհատ լարված է, արդեն երրորդ տարին է, երբ հատկապես գյուղի ուղղությամբ են կրակում: Սակայն բնակիչները խուճապի չեն մատնվում, սովոր են: Վախենանք- չվախենանք, ի՞նչը պիտի փոխվի»:


Սոնա Հարությունյան