ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը: ԼՈւՐԵՐ.com-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է խոշոր հարկատուների առաջին հնգյակը: Այժմ ներկայացնում ենք այն խոշոր հարկատուններին, ովքեր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածուներ առաջադրվեցին ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակով:

 

Եվ այսպես, ընտրություններից հետո համացանցը ցնցած ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» Գրուպը 2017 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում հանգրվանել է 76-րդ հորիզոնականում՝ վճարած 424,386 դրամ հարկով: Ի դեպ,  ըստ ՊԵԿ-ի հրապարակած տեղեկատվության,  այս նույն ընկերությունը 2016 թվականի առաջին եռամսյակում խոշորների ցուցակում  եղել է 120-րդը՝ վճարած 228,715 դրամ հարկով: Ստացվում է, որ մեկ տարվա կտրվածքով պատգամավորի բիզնեսը կտրուկ առաջընթաց է գրանցել՝ զգալիորեն բարելավելով դիրքերը:


Սակայն, ըստ համացանցը ողողած բացասական արձագանքների, «ՍԱՍ» Գրուպին դժվար թե հաջողվի շարունակել առաջադիմել խոշորների հետ մրցապայքարում, քանի որ քաղաքացիները, բացահայտված ստրկատիրական գործելաոճից հետո կոչ էին անում հանրությանը՝ դիմել բոյկոտի և դադարել օգտվել հիշյալ ընկերությանը պատկանող սուպերմարկետների և խանութների ցանցից: 

 

ՀՀԿ-ական մյուս ռեյտինգային թեկնածու՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ»-ը 2016 թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե վճարած 304,594 դրամ հարկով եղել է խոշորների 89-րդ հորիզոնականում, իսկ ահա 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընկերությունը զիջել է դիրքերը. այն ժամանակ վճարած 288,977 դրամով զբաղեցրել էր 108-րդ հորիզոնականը: 


Հիշեցնենք, որ 1000 խոշոր հարկատուներն 2017 թ.-ի առաջին եռամսյակում վճարել են 174.9 միլիարդ դրամ հարկ, ինչը 11%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: