Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո նրանց միացան նաեւ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները: Հանդիպման արդյունքի վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ խոսվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության եւ շփումները շարունակելու մասին:

 

Մեկ տարի առաջ ձևավորվեց մի իրականություն, նոր իրավիճակ, երբ մեր դիվանագիտության մեսիջները, տարածաշրջանում անվտանգության և վստահության մեխանիզմների ձևավորման՝ Հայաստանի առաջարկները համահունչ դարձան այն տրամադրություններին, համատեքստին, որոնք կային արևմտյան մայրաքաղաքներում: Նաև ակնհայտ դարձավ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մարգինալացումն ու ստեղծվեց պատեհ հնարավորություն, որ արմատապես վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը, կառուցվածքը: Այդ կառուցվածքը չվերանայվեց. այդ է պատճառը, որ Մոսկվան շարունակեց իր անթաքույց ջանքերը գործադրել՝ հատկապես հայկական կողմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու և իրեն ցանկալի սցենարը խաղարկելու համար:


Հայաստանը որոշ իմաստով զիջեց Ռուսաստանին և համաձայնեց մասնակցել Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը: Սակայն ակնհայտ է, որ Երևանը չզիջեց իր կողմից առաջ քաշված պայմանների հարցում: Դրանք հիմնականում երկուսն են՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայում եւ Արցախի կարգավիճակ: Ավելին, կարելի է ենթադրել, որ իբրև բանակցությունները շարունակելու պայման՝ Երևանն առաջ է քաշել օրակարգում հենց այս երկու կետերի պահպանման պահանջը: Ելնելով նրանից, որ հանդիպման ավարտից հետո հնչեցին շփումները շարունակելու վերաբերյալ հայտարարություններ՝ Երևանի այս պահանջն ընդունվել է: Ակնհայտ էր, որ այս հանդիպման հիմնական խնդիրը լինելու էր Ռուսաստանի կողմից վերահաստատելը, որ ինքն է ղարաբաղյան հակամարտության մենեջերը։


Կոնկրետ արդյունքներ դժվար էր ակնկալել, որովհետև լուրջ փոփոխություններ՝ նախորդ հանդիպումից հետո չեն եղել կողմերի մոտ կամ տարածաշրջանում։ Թերևս հիմնական փոփոխությունը Հայաստանի ընտրություններն էին, բայց դա որևէ անսպասելի արդյունք չի արձանագրել այնպես, որ կարողանար ազդել ղարաբաղյան հարցի կարգավորման վրա։ Իրականում, ռուսական ձևով կարգավորումն առաջին հերթին նշանակում է՝ չկարգավորում։ Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է հակամարտությունը պահել սառեցրած վիճակում, որպեսզի կարողանա ժամանակ առ ժամանակ տաքացնել։ Բաքվի գլխավոր նպատակն այս հանդիպմանը Վիեննայի պայմանավորվածությունները չեզոքացնելն էր, քանի որ այս պահին գլխավոր վտանգը Ադրբեջանի համար՝ հենց դրանք են: Ակնհայտ է, որ բանակցությունների ֆորմատը փոփոխության ենթարկելու՝ Բաքվի ցանկությունները ևս իրականություն չեն դառնալու:


Եռակողմ հանդիպմանը մասնակցել է Մինսկի խումբը. սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Մինսկի խումբը պահպանվում է, Ռուսաստանը չի վարում իր առանձին խաղը և գործընթացն իրականացվում է Մինսկի խմբի ջանքերի շրջանակներում: Հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ նախագահների հանդիպման հնարավորությունը կողմերի միջև չի քննարկվել: Սրանից կարելի է եզրակացնել, որ լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում՝ չի լինի առնվազն մինչև 2018 թվականը: Տվյալ հակամարտության լուծման ուղիներ փնտրելու ցանկացած փորձ կարող է կատարվել միայն նախագահների մակարդակով կազմակերպված հանդիպումների ընթացքում:


Նախարարների մակարդակով կազմակերպված հանդիպմանը կարող են քննարկվել միայն շփման գծում իրադրության մշտադիտարկման հետ կապված հարցերը, այսինքն՝ դիտորդների հարցը, նոր ռազմական գործողությունները կանխելու երաշխիքները և այլն: Այս ամենին Ադրբեջանը խոսքով կողմ կարտահայտվի, բայց կփորձի գտնել պատճառաբանություններ՝ իր պարտավորությունները չկատարելու համար: Հետևաբար, խնդիրն այն է, որ Մոսկվան և ամբողջ Մինսկի խումբը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և ստիպեն, որ նա ավելի հստակորեն ասի «այո»: Հակառակ պարագայում՝ նման հերթապահ հանդիպումները չեն կարող արդյունավետ համարվել՝ խնդրի համակարգային լուծման առումով:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ