Թուրքիայի նախագան Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել Reuters միջազգային լրատվական գործակալությանը՝ հայտարարելով, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ զրույցում ակնարկել է, որ պատրաստ է հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ակտիվորեն աջակցելուց: Էրդողանն, ով հայտնի է իբրև Ասադի մոլի հակառակորդ, հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի ապագան չի կարող կապ ունենալ ներկա նախագահի հետ:

 

Իրավիճակը զարգանում է, իսկապես, բավական անսպասելի եւ դինամիկ: Վերջին ամիսներին եւ շաբաթներին Սիրիայի հարցում պայմանավորվածության փորձ կատարեցին Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան՝ Աստանայի գործընթացում: Այն կարծես թե հարթ չընթացավ: Ընդամենը մի քանի օր առաջ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Նահանգների վարչակազմի համար Ասադի հեռացումն այլեւս առաջնային հրամայական չէ: Եվ այդ ամենից հետո տեղի է ունենում քիմիական գրոհը: Դժվար է ասել, թե ով էր իրականում դրա պատասխանատուն, սակայն կարելի է ենթադրել՝ Մոսկվան փորձում էր հասկանալ, թե արդյո՞ք Թրամփը իսկապես ունակ է հարվածի, թե՞ կարող է խոսել միայն հարվածելու պատրաստակամության մասին: Թրամփը ցույց տվեց, որ ունակ է հարվածի:


Այս պարագայում Սիրիայի հարցում սեփական կոշտ դիրքորոշումն ատամներով պահելը կարող է թանկ նստել Պուտինի համար և հանգեցնել ուղիղ առճակատման՝ ԱՄՆ-ի հետ: Այս ամենին գումարենք այն, որ մի շարք տարբեր փորձերից հետո Մոսկվան հասկացավ՝ Սիրիայի հարցում ճահճում չխրվելու համար հնարավոր է պայմանավորվել միայն ԱՄՆ-ի հետ: Բացի այդ՝ վերջին շրջանում հաճախակիացել են կորուստները Սիրիայում՝ ռուս զինծառայողների շրջանում, ողբերգական միջադեպեր են տեղի ունեցել ռուս բարձրաստիճան զինվորականների հետ: Բնական է, որ ռուսաստանյան ներքաղաքական դաշտը պետք է սկսեր քննարկել ստեղծված իրավիճակը և հասկանար՝ պե՞տք է իրենց արդյոք երկրորդ Աֆղանստան, թե՞ ոչ:


Պուտինի համար՝ Ասադն անկասկած բեռ է դարձել, որը կապում է Ռուսաստանի նախագահի ձեռքերը և սահմանափակում մանևրելու հնարավորությունները: Իսկ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, որի մեջ, ի դեպ, Ռուսաստանն ինքն է իրեն գցել, ռուսներին մնում է միայն մանևրել՝ խուսափելու համար ավելի մեծ կորուստներից: Ռուսաստանն արդեն իսկ կրճատել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, և սա, թերևս, Սիրիայի հարցում Ռուսաստանի քաղաքականության փոփոխման առաջին ծիծեռնակներն են: Ռուսաստանն արդեն իսկ հայտնվել է վտանգի մեջ և սիրիական ճգնաժամի լուծումը կարող է տեղափոխվել արդեն բոլորովին այլ դաշտ: Մի կողմից՝ Ասադին սատարելով, մյուս կողմից՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման դուրս գալով Ռուսաստանը հայտնվում է բավական խոցելի իրավիճակում:

 

Ստելլա Խաչատրյան