Ներկայում Թուրքիայի տարածքում հայտնված Արդահանում հայտնաբերված ռուս գեներալի դագաղը մեծ իրարանցում առաջացնելով հանդերձ՝ զարմացրել էր այն հանգամանքով, որ գեներալի դին 140 տարի դագաղում մնալուց հետո էլ գրեթե չի քայքայվել։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ թուրք հետազոտողները հայտնել են, թե ռուս գեներալի դիակը քիչ է քայքայվել, քանի որ դագաղը դրված է եղել հատուկ պատրաստված վայրում, իսկ դիակն էլ չի շփվել օդի հետ։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական Demokrathaber կայքը գրել էր, թե Ռուսաստանում դատաբժշկական հանձնախումբ է կազմվում, որ այցելի Թուրքիա՝ պարզելու գեներալի ինքնությունն ու դագաղը տեղափոխի ՌԴ։

Թուրքական Posta պարբերականն էլ գրել էր, թե դագաղի մեջ գտնվող բարձրաստիճան զինվորականը 1877–1878 թվականներին Կարսը գրաված ռուս գեներալ Վասիլի Գեյմանն է։

Կարսի թանգարանի տնօրենը հայտնել է, թե ԴՆԹ–ի տեստի արդյունքից հետո դիակը հանձնվելու է ՌԴ–ին։ Նա եւս պնդել է, թե մեծ է հավանականությունը, որ դագաղի մեջ գտնվող անձը հենց Վասիլի Գեյմանն է, ով 1878–ին վարակիչ հիվանդության զոհ է դարձել եւ թաղվել Արդահանում։