Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բարձր տրամադրությամբ, առանց ընկճվելու և ավելի կազմակերպված արդեն սկսել է 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը: Այդ մասին աշխատավորի օրվա առթիվ կազմակերպված տոնական շքերթի ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Անդրադառնալով ապրիլի 2-ի խ որհրդարանական ընտրություններին' ՀԿԿ առաջնորդը նշեց, որ իրենց հնարավորությունը և ստացած ձայները բացարձակ իրար չեն համապատասխանում: «Մեզ զայրացրեցին և զարմացրեցին հրապարակված տվյալները, բայց դա մեզ բացարձակ չընկճեց: Ընդհակառակը՝ մենք արդեն 2022 թ. նախընտրական արշավը սկսել ենք»,- նշեց Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ ՀԿԿ-ում հաշվառման է կանգնած 20 հազար կոմունիստ: Տաճատ Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր 2-րդ, 3-րդ բնակիչը կոմունիստական կուսակցության համա կիրն է:

 

2017թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ստացել է 1 տոկոսից քիչ ձայն' մոտ 12 հազար քվե:

 

Միաժամանակ, ՀՀԿ Կոմկուսի առաջին քարտուղարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցելու մեջ է: «Մենք դարեր շարունակ եղել ենք ռուս ժողովրդի հետ, մեր մեծերը մեզ պատգամել են՝ եղեք ռուս ժողովրդի հետ՝ ի նկատի ունենալով ժողովրդի անվտանգությունը, ի նկատի ունենալով, թե ովքեր են մեր հարևանները: Մենք անվտանգությունից ելնելով պետք է լինենք Ռուսաստանի հետ, առավել ևս, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք»,- ասաց Տաճատ Սարգսյանը: