Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, այսօր, տեղի կունենա Ապրիլյան պատերազմի հերոս նահատակներից մեկի' ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հայրիկի' Քյալաշ Սլոյանի հոգեհանգստյան արարողությունը: Իսկ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը' մայիսի 2-ին:

Ք. Սլոյանը կթաղվի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գտնվող եզդիական ազգային գերեզմանատանը՝ իր որդու և եղբոր գերեզմանների կողքին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 2-ի լույս գիշերվա ընթացքում, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարության ներքո ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացավ երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհները։

Կապիտան Ուրֆանյանը, ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հրամայել էր հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակեցին պաշտապանական մարտը մինչև վերջ:

Միայն Քյարամի դիակի վրայով հայկական դիրքը գրաված հակառակորդի գազազած գրոհայինները գլխատեցին և խոշտանգեցին նրա դին:

Ընդամենը չորս օր առաջ' ապրիլի 27-ին, Սլոյանների գերդաստանը նշում էր Քյարամի ծննդյան 21–րդ տարեդարձը:

Նյութի սկզբնաղբյուր՝ shamshyan.com