Այն, որ Հայաստանի երկինքը մի քանի օլիգարխ համառորեն փակել են և չեն թողնում, որ երկիրը շնչի, գիտեն բոլորը: Մամուլն այսօր հերթական անգամ մի խայտառակ փաստի մասին գրեց: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ցանկացել է բիզնեսով զբաղվել. հավի բուդ ներկրել Հայաստան: Այս մասին իմացել է Հայաստանի թիվ մեկ օլիգարխ և մոնոպոլիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Սամվել Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոնին առաջարկել է ամեն ամիս 5000 դոլար վճարել, որ նա չզբաղվի այդ բիզնեսով:

Այս պատմությունը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը, երկրի ղեկավարների՝ հատկապես վարչապետի մակարդակով հայտարարում են, որ բոլորը կարող են ազատ զբաղվել բիզնեսով և որ բոլորի համար լինելու են խաղի նույն կանոնները: Բացարձակ և լկտի սուտ: Ոչ ոք Հայաստանում չի կարող ինքնուրույն բիզնես գործունեություն ծավալել, որովհետև Սամվել Ալեքսանյանի նման օլիգարխները փակել են այն երկինքը, որը թույլ կտար մարդկանց՝ շնչել այս երկրում:

Սամվել Ալեքսանյանի ֆենոմենը շատ հասարակ է և պարզ: Նրան է պատկանում ամենախոշոր սուպերմարկետների ցանցը, ինքն է ներկրում առաջին անհրաժեշտության սննդամթերքը և մնացած ապրանքները, Սամվել Ալեքսանյանն ունի օղու խոշոր արտադրություն, հացի արտադրություն և այլն: Ստացվում է, որ այս մարդը, փաստացի, ամեն ինչի տերն է: Ինքը ներկրում է, ինքը արտադրում է, իր խանութներում էլ վաճառում է: Ամբողջ հանրապետությունը նայում է այս օլիգարխի ձեռքին:

Վայն եկել ու տարել է այն քաղաքացուն, ով կցանկանա կարագ, շաքարավազ, օղի, ձեթ կամ վերը նշված՝ օրինակի համար, հավի բուդ ներկրի Հայաստան:

Պատկերացնո՞ւմ եք, եթե հավի բուդ ներկրողը լիներ ոչ թե հարգված մարզիկը, այլ, ասենք, Հալեպից Հայաստան եկած մի գործարար: Խոսքը մեր մեջ՝ «ականջները կկտրեին»: Իհարկե՝ ոչ ուղիղ իմաստով:

Ի՞նչ զարգացում կարող է ունենալ Հայաստանն այս պայմաններում: Արտագաղթն՝ այո՛, կզարգանա: Մարդիկ կրկին կգնան, որովհետև Սամվել Ալեքսանյանը նրանց չի թողնում բիզնեսով զբաղվել, որովհետև Սամվել Ալեքսանյանը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է իր սեփական «դուքանը» և անում է այն, ինչ ուզում է անել:

Օրը մեկ լավաշ ու մի հավի բուդ տալով սոված մարդկանց՝ անում է այնպես, որ իրեն Աստված համարեն ու հանդուրժեն այս իրավիճակը: Եթե սոված մարդկանց բավարարում է Ալեքսանյանի տված մեկ բուդն ու մեկ լավաշը և նրան դարձնում «Հիսուսից հետո երկրորդ մարդը», ապա մյուս քաղաքացիներն արդեն զզվել են այս գերությունից:

Արձանագրենք, որ քանի տիրում է այս իրավիճակը, ոչ մի բան էլ Հայաստանում չի փոխվելու: Հայաստանը շարունակում է մնալ մի քանի սամվելալեքսանյանների գերության մեջ:

 

Արսեն Սանամյան