Այն, որ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները հեռու էին ժողովրդավարական ստանդարտներից, կասկած չի կարող լինել: Չնայած՝ առերևույթ կերպով ամեն բան համեմատաբար հարթ էր, ու նույնիսկ հետընտրական գործընթացներ չեղան երկրում, ինչը հատկապես իշխանական թևի կողմից ներկայացվեց որպես Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների իդեալականության արժանահավատ ապացույց, սակայն այն մեթոդներն ու գործիքակազմերը, որոնք գործի էին դրվել ընտրություններին ցանկալի արդյունք գրանցելու համար, ոչ միայն ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում, այլև շատ ավելի վտանգավոր էին, քան, ասենք, «հայկական կարուսել» կոչվող ընտրակեղծարարության մեխանիզմը. երբեք Հայաստանում այդչափ ընտրակաշառք չի բաժանվել, որքան՝ 2017-ի ընտրություններին:

Պետք է նկատել, որ արևմտյան դիտորդական կազմակերպությունների արձագանքը հայաստանյան ընտրություններին՝ մի տեսակ ոչ միանշանակ ստացվեց. տպավորություն էր՝ կարծես նրանք ինչ-որ բան են կոծկում, կարծես գիտեին՝ իրականում ինչ է տեղի ունեցել, բայց ելնելով քաղաքավարության կանոններից՝ մի տեսակ ամաչում էին հանրայնացնել իրականությունը: Այդ իրողությունը ոմանք կապեցին արևմտյան հաշվենկատության հետ ու համոզմունք հայտնեցին, որ հարկ եղած դեպքում, երբ պետք լինի, Արևմուտքը բաց չի թողնի առիթը՝ հիշեցնելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրությունների օրերին:

Մայիսի 1-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայկական ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց էր տվել, ուր անդրադարձել էր նախըտնտրական ու հետընտրական որոշ իրադարձությունների, խոսել որոշ դեմքերի ու դեպքերի մասին, որոնք վերջին շրջանում լայնորեն քննարկվում են հայկական մամուլում. խոսել էր «ՍԱՍ-ի Արտակի» վերաբերյալ, անդրադարձել Դանիել Իոաննիսյանին, ակնարկել հնարավոր «սև ցուցակի» մասին և այլն:

Թե որն է Միլսի հիմնական ուղերձն, ավելի քան հասկանալի է: Այն, եթե փորձենք «թարգմանել» կենցաղային լեզվով, կհնչի հետևյալ կերպ. բոլոր չարաշահումների, ընտրակեղծարարությունների, բանեցված հնարքների մասին շատ լավ տեղյակ ենք ու հիմա բացառապես մեր ազատ կամքից է կախված, թե ինչպես կվարվենք: Իսկ թե որն է Արևմուտքի ճնշման հիմնական գործիքն այն պարագաներում, երբ անհրաժեշտ է լինում ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնել, հայտնի է ցանկացածին. ֆինանսական լծակներն են: Եվ ահա դեսպանն իր հարցազրույցում հստակ ասել է հետևյալը. «Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որպեսզի ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցելու ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին»:

Սույն պատասխանը, սակայն, երևի թե ոչ այնքան տալիս է հարցերի պատասխաններ, որքան նոր հարցադրումներ է առաջ բերում: Նախ՝ առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչո՞ւ հենց հիմա է Միլսը որոշել խոսել այս ամենից՝ շեշտադրելով ֆինանսական գործոնը: Պատճառներից մեկն, անկասկած, կարող է լինել Հայաստանում վերջին շրջանում հասունացած այն տրտունջքները, թե Թրափի վարչակարգը մոտ 77%-ով կրճատել է Հայաստանին տրամադրվող օգնությունը: Չի բացառվում, որ Միլսն այսպիսով փորձում է ակնարկել, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն ամենևին էլ այնպիսին չէ, որպեսզի Հայաստանն օբյեկտիվորեն հնարավորություն ունենար ինչ-ինչ ֆինանսական ակնկալիքներ ունենալ Թրամփի վարչակարգից: Երկրորդ՝ ԱՄՆ-ը ուշի ուշով հետևում է գործընթացներին ու մտադիր չէ անարձագանք թողնել ցանկացած հնարավոր կոծկում:

Անկասկած, այս ամենում նաև որոշակի աշխարհաքաղաքականություն ևս կա՝ պայմանավորված Հայաստանում Ռուսաստանի հետզհետե աճող ազդեցությամբ, սակայն դեսպանի հարցազրույցը պայմանավորել միայն աշխարհաքաղաքականությամբ, սխալ կլիներ. ԱՄՆ-ն անկեղծորեն շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարության առաջընթացով ու փորձում է հնարավորինս աջակցել դեմոկրատական պրոցեսներին. ոչինչ Հայաստանում աննկատ չի մնում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ