Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց  պատգամավորի այն թեկնածուների անուններն, ովքեր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, ըստ էության՝ հրաժարվելով ՀՀ ԱԺ պատգամավորի՝ իրենց մանդատներից: «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածուներ Խաչիկ Մանուկյանն ու Նապոլեոն Ազիզյանը լրագրողների հետ զրույցում հերքեցին, որ իրենք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:


Ավելի ուշ՝ կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ կալանավայրերի վարչության նախկին պետ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը, ով հայտարարեց, որ ինքը ոչ մի դիմում չի գրել: 

 

Ինքնաբացարկի փաստացի կեղծ դիմումներից այսօր հրաժարվեցին և նոր դիմումներով ՀՀ ԿԸՀ-ից իրենց՝ պատգամավորի մանդատները պահանջեցին Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արարատ Զուրաբյանը, Մանուկ Սուքիասյանը, Հարություն Ղարագյոզյանը, Հրանտ Դավթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը:


Պատգամավորների թեկնածուների հայտարարություններից  կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը նրանց անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ընտրություններից հետո ցավում էր Նապոլեոն Ազիզյանի ոտքն ու նա, ինչպես ինքն է նշել, գամված էր անկողնուն, իսկ գործարար Խաչիկ Մանուկյանն առաջին անգամ է լսում, որ ինքն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

 

Ո՛չ Նապոլեոն Ազիզյանը, ո՛չ էլ Խաչիկ Մանուկյանը և ոչ էլ մյուս թեկնածուները, որոնք հանդես են եկել հայտարարությամբ, այդ պահին չեն գիտակցել, որ ըստ էության՝ հաղորդում են ներկայացնում հանցագործության մասին: Հանցագործության մասին խոսքը պարզ է և շատ հասարակ: Փաստացի՝ ԿԸՀ-ն հայտարարում է, որ այդ մարդիկ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, իսկ ինքնաբացարկի դիմումը, Ընտրական օրենսգրքի պահանջով, պետք է վավերացված լինի նոտարի կողմից: Իսկ եթե նման փաստաթուղթ է հայտնվել ԿԸՀ-ում, ուրեմն դիմում՝ այնուամենայնիվ, ներկայացվել է:

 

Մուշեղ Սաղաթելյանն ավելի կտրուկ է արտահայտվել, այդ երևույթն անվանելով «գողական»: Թեկնածուները, երբ նշում են, որ իրենք դիմում չեն ներկայացրել, փաստացի, ստացվում է, որ նրանց փոխարեն ուրիշ մեկն է դիմում գրել, վավերացրել նոտարի կողմից ու նրանց փոխարեն տարել ԿԸՀ: Թե ով է այդ քրեորեն դատապարտելի «փաստաթղթերի կեղծում» հանցանքը կատարել, դեռ չգիտենք:

 

Այստեղ կա մի այլ, առաջին հայացքից չերևացող պերսոնաժ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բանն այն է, որ փաստացի կեղծված փաստաթղթերից մեկը՝ Նապոլեոն Ազիզյանի դիմումի նոտարական վավերացումը տվել է Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աննա Աբրահամյանը:


Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նախկին վարչապետի դուստր և այս դեպքում՝ գլխավոր կատարող անձ Աննա Աբրահամյանը խուսափողական պատասխաններ է տալիս: Նախ նշում է, որ իր վավերացումները կատարվել են անձերի ներկայությամբ, իսկ երբ լրագրողը փաստում է, որ պատգամավորների թեկնածուներն այդ գործարքին չեն եղել, Աննա Աբրահամյանն ասում է, որ ինքը ստուգել է ստորագրության իսկությունը:

 

Աննա Աբրահամյանը նշում է նաև այն, որ ինքը չի վավերացրել դիմումները, ինքը միայն ստորագրություններն է վավերացրել, որոնք եղել են դատարկ թղթի վրա: Այս հայտարարությամբ նախկին վարչապետի դուստրն իրեն ազատում է պատասխանատվությունից, և մեղքը բարդում նրանց վրա, ովքեր դատարկ՝ բայց վավերացրած ստորագրությամբ թղթի վրա գրել են կեղծ դիմումները:

 

Արդեն մեկ օր է անցել այս հայտարարություններից, բայց իրավապահները դեռ լուռ են: Եթե քաղաքական շրջանակները, վերլուծաբանները խնդրի վերաբերյալ հնչեցնում են գնահատականներ, ապա իրավապահների մոտ՝ «ձայն բարբառոյ յանապատի»:

 

Եթե Հայաստանում լիներ դասագրքային արդարադատության պրակտիկ կիրառում,  այսօր առավոտյան՝ դատախազությունը պետք է առնվազն հայտարարեր, որ ուսումնասիրվում են այդ հայտարարությունները, կեղծված դիմումները, նոտարի վավերացումները, դրանցում հանցագործության մասին հատկանիշներ հայտնաբերելու համար:

 

Բայց՝ չզարմանանք, սա Հայաստանն է և վերջ…

 

Արսեն Սանամյան