Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ մայիսի 3-ին քննարկվում էր քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված՝ ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը։

 

Քննարկումից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նիստում քննարկվող դիմումներին, նշեց, որ ԱԺ պատգամավորի թեկնածուները դրանցով հայտարարում էին, որ իրենց կողմից նախկինում մանդատից հրաժարվելու (ինքնաբացարկի) վերաբերյալ դիմումները համարվեն չեղյալ և իրենք այդ դիմումներով հաստատում են իրենց կամքը՝ դառնալու Ազգային ժողովի պատգամավոր:

 

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից Հայաստանի ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի բոլոր 23 դիմումները նոտարով հաստատված են եղել:

 

Տիգրան Մուկուչյանին լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյո՞ք դիմումները բոլորը հաստատված էին մեկ նոտարի կողմից, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ես չեմ ստուգել, չեմ կարող ասել»:

 

Նշենք, օրինակ, որ Նապոլեոն Ազիզյանի դիմումի նոտարական վավերացումը տրվել է Հովիկ Աբրահամյանի դստեր՝ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աննա Աբրահամյանի կողմից: