Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: ՀՀԿ-ի քարոզչական թիմը գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ:

Երևանի քաղաքապետը, դիմելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին, հիշեցրեց, որ 4 տարի առաջ իր թիմը հանդես է եկել «Ավելի լավ Երևան» ծրագրով: «Այդ 4 տարիների ընթացքում ձեր աչքերի առջև մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Այն, ինչ մենք նախատեսել էինք, կարող ենք ասել, որ մեծամասնությամբ կատարել ենք: Բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան: Բազում խնդիրներ մնացել են: Դրանք այն խնդիրներն են, որ անցած 4 տարիների ընթացքում մենք վեր ենք հանել' շփվելով երևանցիների հետ: Շատ հարցեր են բարձրացրել Երևանի բնակիչները ու առաջարկն եր ներկայացրել, որոնք մենք ներառել ենք մեր նախընտրական ծրագրում»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ իր ընդդիմախոսները մոռացել են, թե ինչ վիճակում էր Երևանը 4 տարի առաջ և ինչ վիճակում է ներկայում: «Մենք չենք ասում, որ այլևս խնդիրներ չունենք: Այո´, ակնհայտ է, որ մենք ունենք խնդիրներ հանրային տրանսպորտի ոլորտում: Մենք անցած տարիների ընթացքում փորձել ենք այդ խնդիրը մասամբ լուծել, սակայն դա մեզ չհաջողվեց: Բայց անցած տարիների ընթացքում մենք փորձ ձեռք բերեցինք: Մենք ուսումնասիրել ենք զարգացած քաղաքների փորձը, որտեղ տրանսպորտը նորմալ սպասարկում է բնակչությանը: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք շատ կարճ ժամանակահա տվածում մեր բնակիչների համար ապահովելու ենք հանրային տրանսպորտի որակյալ սպասարկում: Մենք չենք բավարարվելու միայն մեքենաները փոխելով: Առաջին հերթին այնպես ենք անելու, որ սոցիալական վատ պայմաններում ապրող խմբերի համար լրացուցիչ բեռ չառաջացնենք: Լինելու է բոլորովին նոր ցանց, ամբողջովին վերացնելու ենք «գծատեր» հասկացությունը: Լինելու է մեկ միասնական օպերատոր, էլեկտրոնային տոմս: Այս ամենը մենք իրականացնելու ենք միասին' ձեր վստահությամբ և աջակցությամբ»,- հավելեց Երևանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրներին: «Մենք տեսնում ենք, որ մեր քաղաքացիները բարձրացնում են իրենց դժգոհությունը բազմաբնակարան շենքերը կառավարող համատիրությունների աշխատանքի վերաբերյալ: Մենք բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում օրենսդրական բարեփոխումներ ենք իրականացնելու: Համոզված եղեք, որ մենք կարող ենք մեր զարգացման ծրագիրը ամբողջությամբ կյանքի կոչել, որովհետև ունենք փորձառու թիմ»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետը մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում: «Զբոսաշրջային կարևոր ենթակառուցվածք է հենց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Հաղթանակի» զբոսայգին: Մասնավոր-համայնք համագործակցության արդյունքում մենք կարող ենք ունենալ նույնիսկ տարածաշրջանի լավագույն այգին, հանգստի գոտին: Այս ուղղությամբ մենք բազմիցս ենք խոսել և բանակցում ենք անհատների հետ, ովքեր ներդրումներ պետք է իրականացնեն «Հաղթանակի» զբոսայգում: Կարող եմ վստահաբար ասել, որ մենք սրան հասնելու ենք ու ունենալու ենք լավագույն զբոսայգին»,- ընդգծեց Մարգարյանը:

Նա հիշեցրեց, որ Երևանը 2800-ամյա պատմություն ունի և հարկավոր է այդ պատմությունը ներկայացնել աշխարհին: Տարոն Մարգարյանը խոստացավ առաջիկա 5 տարիների ընթացքում վերականգնել «Էրեբունի» թանգարանը, Կարմիր բլուրը և զբոսաշրջային այլ կարևոր ենթակառուցվածքներ: Նա վստահեցրեց, որ առաջիկա տարիներին Երևանը զբոսաշրջության զարգացման ուղղությամբ լուրջ հաջողությունների է հասնելու: