Առողջապահության նախարարության կազմում ստեղծվում է նոր տեսչական մարմին, իսկ գործող առողջապահական պետական տեսչությունը լուծարվում է:

Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Նույն որոշմամբ առողջապահության նախարարությանը հանձնարարվում է ներկայացնել առողջապահական տեսչական մարմնի կառուցվածքը: Տեսչական մարմնի նպատակն է' առողջապահության բնագավառում անվտանգության ապահովումը, աշխատողների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումը:

Տեսչական մարմինը կառավարում է 10 հոգանոց խորհուրդը: Հիմնական փոփոխությունը, որ կատարվում է տեսչական նոր մարմնի ստեղծմամբ՝ վարչապետի լիազորությունների ավելացումն է: Նախկինում տեսչությունը ենթարկվում էր առողջապահության նախարարին, իսկ հիմա տեսչական մարմինը ուղիղ գծով հաշվետու է կառավարությանը և վերահսկվում է նրա կողմից:

Չի բացառվում, որ նման կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան նաև մյուս գերատեսչություններում, իսկ սա ակնհայտորեն ուրվագծում է վարչապետի ցանկությունը` ընդլայնել կառավարությունում իր վերահսկողական փաթեթը: Կարեն Կարապետյանը քաջ գիտակցում է, որ հարազատ կուսակցության և մասնավորապես ԱԺ ՀՀԿ խմբակցության աջակցությունն ակնկալելը այս պարագայում քաղաքական միամտություն է: ԱԺ են անցել հիմնականում ռեյտինգային ընտրակարգով ընտրված հանրապետական օդիոզ դեմքերը, որոնց դեմ պայքարի դրոշակակրի ամպլուայում Կարապետյանը մուտք գործեց քաղաքական դաշտ: Շահերի բախման պարագայում, Կարապետանը ջանում է «ձեռքի տակ եղած» միջոցներով ամրապնդել իր դիրքերը կառավարությունում: Նախարարները կարող են փոխվել, սակայն այս կառուցվածքը պահպանվելու է նաև նոր կառավարությունում: Իսկ դա ենթադրում է, որ վարչապետի պաշտոնում վերընտրվելու պարագայում Կարեն Կարապետյանը կունենա պոտենցիալ ամուր թիկունք ՝ առնվազն կառավարությունում: Այլ հարց է թե այդ վերահսկողական փաթեթը լարված ներքաղաքական պայքարում ինչպիսի դիվիդենտներ կարող է տալ Կարեն Կարապետյանին…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ