Այն, որ Հայաստանում կա որոշակի սոցիալական խավ, որն ամենաշատն է օգտվում առավելություններից ու վայելում կյանքի բարիքները, հայտնի ճշմարտություն է: Եթե համապատասխան կապեր ունես վերևներում, իսկ ցանկալի է՝ ՀՀԿ-ում, ուրեմն՝ քեզ կարող ես թույլ տալ ամեն բան, ինչ խելքիդ փչի, նույնիսկ խաղալ մարդկային ճակատագրերի հետ: Ահավասիկ՝ նմանօրինակ դեպքերից մեկը:

 

Պարզվում է՝ Շիրակի պետական համալսարանում իսկական «կատավասիա» է տիրում, որի պատճառը նոր ռեկտորն է՝ Սահակ Մինասյանը. համալսարանում, մասնավորապես, դադարեցվել են դեկանների, ամբիոնների վարիչների լիազորությունները: Իսկ պատճառաբանությունը, որ ԲՈՒՀ-ի ռեկտորը բերում է, ստեղծված անհույս ֆինանսական վիճակն է իբրև թե, ինչը, սակայն, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ եթե ԲՈւՀ-ն իրոք ունենար նման խնդիր, նույն Սահակ Մինասյանի հետ կապ ունեցող անձանց աշխատավարձերն աստղաբաշխական թվերի չէին կարող հասնել. օգնականը ստանում է 350 000, քարտուղարուհին՝ 200 000, ինքն էլ 700 000 դրամ աշխատավարձ:


Թե ինչով է պայմանավորված ԲՈւՀ-ում սկիզբ առած օպտիմալացումը, դժվար չէ հասկանալ. ՀՀԿ-ական ռեկտորն, ըստ էության, վայելելով վերևների աջակցությունն ու ստանալով լիակատար ազատություն, անցել է սեփական եկամուտների բարելավման գործին. կրճատելով ավելորդ համարվողներին՝ հնարավորություն է ստանում իր ու իր մտերիմների աշխատավարձերը բարձրացնելու. թքա՛ծ, թե այդ ընթացքում ԲՈւՀ-ն ինչ կարևոր կադրային կորուստներ կարող է կրել:


Այնպես որ՝ եթե ցանկանում եք վայելել «բեսպրեդելի» հաճույքն ու անձամբ համտեսել դրա քաղցրությունը, մի՛ զրկեք ձեզ ՀՀԿ-ական լինելու հաճույքից. ՀՀԿ-ական լինելը «խեր ա»:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ