Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում իր առաջադրած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» առաջարկները քննարկել է Հանրային խորհրդի անդամների հետ:

 

Սարգսյանի առաջարկները հնչեցին ապրիլի 20-ին կազմակերպված համաժողովի ժամանակ եւ դրանք փաստացի զինվորական ծառայության այլընտրանքային տարբերակ են, որոնք ենթադրում են ֆինանսական շոշափելի փոխհատուցում ծառայության դիմաց, նաեւ՝ այլ նորություններ: Որևե մեկի համար գաղտնիք չէ, որ հանրային խորհուրդը բնավ չի ներկայացնում հանրության լայն շրջանների պատկերացումները երկրում առկա հիմնախնդիրների վերաբերյալ:


Այդ ամենի մասին քաջ գիտի նաև ինքը՝ Վիգեն Սարգսյանը, քանի որ Հանրային խորհուրդը ժամանակին հանդիսացել է նախագահի աշխատակազմի մտահղացումը, ասել է թե՝ Վիգեն Սարգսյանի: Հետևաբար, նրանից լավ՝ այս կառույցի անարդյունավետության մասին ոչ ոք չգիտի: Այդ դեպքում, ինչո՞ւ է Պաշտպանության նախարարն այսչափ կարևոր նախագծի քննարկումն իրականացնում հենց այս հարթակում: Արդյո՞ք այնտեղ հավաքված է մեր երկրի հասարակական-քաղաքական այն սերուցքը , որն ունակ է նոր մոդելներ առաջարկել: Հանդիպման նպատակահարմարությունը տարակուսելի է նաև այլ պատճառով՝ կան այդ մոդելներին անմիջականորեն առնչվող առավել շահառու հանրային շերտեր:


Հանրային խորհրդի հետ քննարկելու իմաստը «գալոչկա՞ն» է: Հազիվ թե քննարկումն ունենա այլ իմաստ: Եթե Պաշտպանության նախարարի կողմից առաջ քաշված այս նախագիծը ֆիկցիա չէ և ենթադրում է պաշտպանության ոլորտը իրական և արդյունավետ բարեփոխումների ենթարկել, ապա Վիգեն Սարգսյանն առավել ճիշտ կվարվեր քննարկումները տեղափոխելով այլ հարթակներ, որտեղ առկա է թե՛ խնդրին, թե՛ ընդհանրապես հասարակական-քաղաքական իրողություններին առավել համարժեք հանրային ներկայացվածություն: Կառույցները, որոնք դե ֆակտո իշխանության կցորդ են, չեն կարող լինել քննարկումների արդյունավետ հարթակ, առավել ևս՝ ներշնչել վստահություն: Այստեղ Վիգեն Սարգսյանը կստանա իր ականջին հաճո և հարմար հարցեր, որոնց կտա նախապես պատրաստված պատասխաններ: Բայց արդյո՞ք Ազգ-բանակ կոնցեպտն առաջ քաշելու նպատակը հենց դա էր…

 

Ատելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ