Երեւանը ունի հնարավորություն ներկայանալու աշխարհին իր մշակույթով եւ ինքնատիպ այցեքարտով: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը:

 

«Մայրաքաղաքը կարող է իրականացնել այնպիսի մշակութային քաղաքականություն, որը կամուրջ կհանդիսանա աշխարհում բնակվող բոլոր հայերի եւ օտարների համար: Նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն պետք է համարել քաղաքացու մշակութային դաստիարակությունը՝ պահանջարկ ձևավորելով բարձր մշակույթի հանդեպ»,- ասաց Փոստանջյանը:

 

Փոստանջյանի խոսքով' մշակույթի, արվեստի բնագավառում պետք է խթանել ազատ մրցակցությունը, ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները, պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար, ինչպես նաև նպաստել աշխարհում հայկական մշակույթի եւ արվեստի գովազդմանը: