Սերժ Սարգսյանը Եվրոպայի օրվա առիթով այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակություն, հանդիպում ունեցել պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, խոսել հայ-եվրոպական հարաբերության խորացման մասին:

Սարգսյանն արել է հետաքրքիր հայտարարություն, վստահություն հայտնելով, որ Եվրամիությունը կհաղթահարի այն մարտահրավերները, որ վերջին շրջանում բաժին են հասնում միությանը, անդամ երկրներին: Թերևս կարիք չկա թվարկելու այն բոլոր մարտահրավերները, որոնց Եվրոպական միությունն այսօր բախվել է: Հարկ է միայն շեշտել, որ այդ մարտահրավերների հոծ զանգվածի մեջ անվտանգային, քաղաքական և տնտեսական հիմնահարցերի կողքին ռազմավարական և առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի քաղաքականությունը եւ քարոզչությունը: Եվ հաշվի առնելով Եվրամիության մարտահրավերների շարքում Ռուսաստանի՝ մեղմ ասած, առաջնային դերը, մարտահրավերները հաղթահարելու վստահության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը իսկապես ուշագրավ է:

Թեև Եվրոպական Միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, ԵՄ-ը չունի երաշխիքներ, որ վերջին պահին ռուսական կողմը սովորույթի համաձայն կրկին չի տապալի այդ նախաձեռնությունը: Այն, որ որոշակի դժվարություններ արդեն իսկ ի հայտ են եկել՝ ակնհայտ է: Ստորագրությունը թեեւ նախապես դիտարկվում էր մայիսին, այդուհանդերձ, այժմ խոսվում է նոյեմբերի մասին, երբ տեղի կունենա Արեւելյան գործընկերության Վեհաժողովը: Թե ինչու փոխվեցին համաձայնագրի ստորագրման ժամկետները՝ կարելի է միայն ենթադրել: Սակայն նախագահի այցելության ուշագրավ դիտարկումներն այսքանով բնավ չեն սահմանափակվում: Այդ այցը տեղի է ունենում պատվիրակության գործունեության հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Հայաստանում ծախսվել են հարյուրավոր միլիոններ, բայց պարզ չէ, թե դրանք առավելապես քաղաքացիական բյուրոկրատիայի ձեւավորումից բացի ինչ խորքային էֆեկտ են ունեցել Հայաստանում եվրաինտեգրացիայի վերաբերյալ հանրային կայուն, խորքային պատկերացումներ ձեւակերպելու եւ այդպիսով հանրային կարծիք ձեւավորելու հարցում:

Մտովի վերադառնալով ոչ վաղ անցյալ, կարող ենք հիշել, թե ինչ շեշտադրումներ էր անում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Վերջինս մշտապես ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա վերևից ներքև, այդ դեպքում միայն այդ պայքարը կավարտվի հաջողությամբ: Եվ ԵՄ-ն աջակցելու է հենց վերևից ներքև տարվող պայքարին: Դեսպանը բազմիցս կարծիք էր արտահայտել, որ կոռուպցիան Հայաստանի Հանրապետության համար դարձել է ազգային անվտանգության խնդիր: Եվ ընդամենը շաբաթներ առաջ պարզ է դառնում, որ կոռուպցիան խնդիր է դարձել նաև Եվրոպական Միության պատվիրակության համար, ինչի արդյունքում առաքելության հեղինակությանը զգալի հարված է հասցվում:

Այս իրադարձությունների ֆոնին՝ նախագահի այցը ստանում է նաև խիստ ուշագրավ քաղաքական ենթատեքստ: Նախագահն այցելում է Հայաստանում ԵՄ պատվիրակություն՝ հաղթողի կարգավիճակում: Ընդ որում՝ հաղթել է նա բոլոր ճակատներում: Մի կողմից՝ նրան հաջողվել է ստանալ ԵՄ պատվիրակության կողմից քիչ թե շատ ընդունելի գնահատական՝ անցկացված խորհրդարանական ընտրություններին և դրանք համարվել են «անաղմուկ», մյուս կողմից՝ անաղմուկ չես անվանի Եմ հայաստանյան պատվիրակության շուրջ առաջացած սկանդալը և դա այն պարագայում, երբ կոռուպցիայի առնչությամբ մեղադրանքներն ու քննադատությունը եղել է Եվրամիության պաշտոնյաների ու դիվանագետների խաղաքարտը կամ գործիքը Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:

Սվիտալսկին նույնիսկ արել է Սերժ Սարգսյանի համար ականջահաճո մի քանի հայտարարություն, այդ թվում՝ փետրվարի վերջին նրա Բրյուսել կատարած այցի կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Սերժ Սարգսյանի համար ստեղծվել է որոշակի բարվոք դիրքային վիճակ: Եվ անշուշտ, գործող նախագահի համար առանցքային է լինելու 2018-ին ընդառաջ իրավիճակը պահպանելը և իր քաղաքական ծրագրերի հարցում Եվրոպական միության աջակցությունը ստանալը: Բրյուսելը միանշանակ լինելու է աշխարհաքաղաքական այն խաղացողների շարքում, որոնց «դաբրոն» Սերժ Սարգսյանի համար ունենալու է առանցքային նշանակություն:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ