Ինտրիգը, կապված մայիսի կեսերին ստորագրվելիք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի հետ, կարծես չի դադարում թեժ մնալ. մինչև վերջին պահը, կարելի է ասել, անհայտություն է տիրում, թե վերաթարմացվող հուշագրի արդյունքում որքան նախարարական պորտֆել կստանա «Դաշնակցություն»-ը: Անկասկած, «Դաշնակցության» հետ կոալիցիոն հարաբերությունները շարունակելու ՀՀԿ վճռակամությունը գլխավորապես ու հիմնականում պայմանավորված է ներքաղաքական կյանքում տեղի ունեցող որոշակի ստվերային գործըթացներով ու իշխանական բուրգի վերին հատվածներում եռացող կրքերով. «Դաշնակցության» հետ համագործակցության այդ ձևաչափը կամ դրա վերանայումը յուրատեսակ զենք է դարձել հենց ՀՀԿ ներսում միմյանց դեմ պայքարող ուժերի ձեռքին. սեղանին դրված է ոչ միայն կուսակցության ներսում, այլև երկրում հետագա ազդեցության հարցը:

Էդուարդ Շարմազանովն, իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության թեմային, բավական ուշագրավ շեշտադրումներ էր կատարել՝ կապված մի քանի կարևոր հարցերի հետ: Մասնավորապես՝ պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի միջև ձևավորված սպեցիֆիկ հարաբերությունների ու դրանց' ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին՝ Շարմազանովը չափազանց ուշագրավ մի հայտարարություն էր արել, որ տառացիորեն հնչում է հետևյալ կերպ. «Չկա Կարեն Կարապետյան և «Դաշնակցություն»։ Կարեն Կարապետյանն առանձին սուբյեկտ չէ։ Կան ՀՀԿ և ՀՅԴ իրավահարաբերություններ։ Կոալիցիոն համաձայնագիրը չի կնքվում, ասենք, Կարեն Կարապետյանի և Արմեն Ռուստամյանի միջև, այն կնքվում է Հանրապետականի՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և «Դաշնակցության» միջև։ Սուբյեկտները երկու կուսակցություններն են, այլ ոչ թե առանձին անհատները։ Իսկ եթե ուզում եք անհատներ նշել, ՀՀԿ-ն ունի և ունենալու է մեկ լիդեր՝ Սերժ Սարգսյանը։ Նա 2016-ի նոյեմբերին ՀՀԿ-ի համագումարում միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ՝ առաջիկա 3 տարիների համար»։

Այն, որ նմանատիպ հայտարարությունները նմանատիպ անձանց կողմից չեն կարող պատահական կամ կամայական բնույթ կրել, կհաստատի ցանկացած մեկն, ով տեղյակ է «քաղաքականություն» երևույթի էությունից: Ինչի՞ մասին է վկայում Շարմազանովի չափազան խորքային ծալքեր պարունակող հայտարարարությունը: Անկասկած է, որ այն, ըստ էության, բացահայտում է իշխանական բուրգում տիրող տրամադրություններն ու տենդենցները, որոնք, դատելով, տեքստի բովանդակությունից, ամենևին էլ հօգուտ Կարեն Կարապետյանի չեն:

Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի վերաբեմունքը ՀՅԴ-ին՝ իր վարչապետության հենց ամենասկզբից աչքի ընկավ սառնությամբ, եթե չասենք՝ հակակրանքով: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Կարապետյանը բոլորին հասկացրեց, որ իր ողջ էությամբ դեմ է կանգնելու ՀՅԴ-ՀՀԿ համագրծակցությանն ու չի հանդուրժելու դաշնակցականների ավելորդ ներկայությունն իր կառավարությունում: Նման հակադաշնակցական տրամադրությունների հիմքում, ինչ խոսք, ընկած էր վարչապետ-նախագահ թաքնված հակամարտությունը. Կարապետյանը հրաշալիորեն հասկանում էր, թե իրականում ում է ձեռնտու այդ կոալիցիան և թե ինչու: Հետևաբար' ունենալով ինքնակայացման խնդիր, ունենալով մենեջերից քաղաքական գործիչ ընկած ճանապարհը հնարավորինս արագ հաղթահարելու պրոբլեմ' Կարապետյանը հենց սկզբից փորձեց խաղի իր կանոնները թելադրել ու իրական հայտ ներկայացնել քաղաքական կյանքում՝ որպես ապագա իրավահաջորդ' Սերժ Սարգսյանի:

Ի՞նչ ստացվեց արդյունքում: Ստացվեց այն, որ Կարապետյանի հիպերակտիվությունը դուրս եկավ հենց իր դեմ: Ու եթե շաբաթներ առաջ խոսք էր գնում Դաշնակցությանը, կոպիտ ասած, ԱԺ գործուղելու մասին ի հաշիվ Կառավարությունում նրա ունեցած նախարարական պորտֆելների քանակի, ապա այժմ դատելով ստացվող ազդանշաններից' ոչ միայն չի նախատեսվում որևէ մեկին որևիցե վայր գործուղել,բայլև հնարավոր է' Դաշնակցությունն է՛լ ավելի ամրապնդի իր դիրքերը Կարապետյանի կառավարությունում. այդ քայլի նպատակը Կարապետյանի դիրքերին հարված հասցնելն է ու նրա «աճը» կասեցնելը. Շարմազանովի վերոհիշյալ խոսքերը բացահայտում են այս ամենն ու փաստում, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք որևիցե պարագայում գոյություն ունենալ չի կարող ո՛չ հանձին Կարեն Կարապետյանի, ո՛չ էլ որևէ մեկի, այնինչ պետք չէ մոռանալ, որ Կարապետյանի' հայաստանյան քաղաքական ասպարեզ մուտքը հիմնականում պայմանավորված էր նրանից Սարգսյանին այլընտրանք կերտելու համապատասխանների ցանկությամբ, ինչը փաստացի ձախողվեց:

Բայց դաշնակցության' ապագա կառավարության մեջ դիրքերի պահպանումը Կարապետյանի համար մեկ այլ վտանգով էլ է լի. Կարապետյանի իմիջը դրանից անխուսափելիորեն տուժելու է, քանի որ դրանով փաստվելու է մեկ բան' վարչապետի խոսքի արժեքն այնքան էլ մեծ չէ: Իսկ քաղաքականության մեջ առաջնայինը հենց խարիզման է, որից միտումնավոր կերպով զրկում են Կարապետյանին, ու ստացվում է' ՀՀԿ-ն, ուր Կարապետյանի խոսքը բնավ էլ ծանրակշիռ չէ, օգտագործելով վարչապետի կերպարն ընտրություններում ու նաև դրա հաշվին կարողանալով իր համար ձայներ ապահովել, այժմ ձեռնունայն է թողնում ընտրություններին որպես ՀՀԿ հիմնական դեմք հանդես եկող գործչին' այդպիսով 2:0 անելով վարչապետին:

Թե ինչպես կդասավորվի վարչապետ Կարապետյանի հետագան, իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց որ նրա քաղաքական ուղին քարքարոտ է լինելու, անկասկած է. Հայաստանում ոչինչ հեշտ չի տրվում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ