Այսօր ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի հետ, ով մասնակցում էր Մարտի մեկին նվիրված երթին:

-Պարոն Զուրաբյան, ՀԱԿ-ը մեղավորության զգացում չունի՞ Մարտի մեկի զոհերի համար, այն առումով, որ երկխոսության մեջ մտաք Մարտի մեկի հանցագործությունը չբացահայտող իշխանության հետ:

-Ինձ թվում է, Դուք պետք է մեղավոր զգաք նման հարց տալու համար: Ժողովուրդն օգտագործել էր իր սահմանադրական իրավունքը և խաղաղ երթ է անցկացրել: Մի կողմում եղել է ժողովուրդն ու ընդդիմությունը, որոնք օգտվել են իրենց սահմանադրական իրավունքներից, մյուս կողմում եղել է բռնապետական ռեժիմը, որը հրազեն է օգտագործել մարդկանց ցրելու համար՝ բռնաբարելով սահմանադրությունը: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա դրա հիմնական նախապայմաններից մեկը հենց Մարտի մեկի հանցագործության բացահայտումն է եղել:

-Պարոն Զուրաբյան, ՀԱԿ կուսակցությունը կմիանա՞Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը համախմբվող ժողովրդական շարժմանը Ազատության հրապարակում:

-Ի՞նչ եք հասկանում «միանալ» ասելով: Մենք ժողովրդական շարժմանը վաղուց ենք միացած: Հինգ տարի է մենք պայքարում ենք սահմանադրական կարգի ու ժողովրդավարության վերականգնման համար: Ի վերջո, մենք ամեն ինչով նպաստում ենք այդ շարժման հաղթանակին: Միացումը հենց դա է նշանակում: Մենք ուրախ ենք, որ նորանոր մարդիկ այս կեղծ ընտրություններից հետո նույնպես հասկացել են այս համակարգի անարդարությունը և միացել են այն շարժմանը, որը արդեն հինգ տարի է գոյություն ունի:

Մելանյա Մելքումյան