Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակիցը վերջերս այցելել էր Հայաստան և հանդիպել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այսօր բուռն քննարկումների առիթ է տվել վարչապետի հարցազրույցը, որտեղ նա հանդես է գալիս հստակ հայտարարություններով: Անդրադառնալով հարցին՝ պատրա՞ստ է վարչապետ մնալ 2018 թվականին և դառնալ Հանրապետության ղեկավար, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, և ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձևակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»։ 

Ինչպե՞ս կարելի է գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, արդյո՞ք վարչապետը մեսիջ չէր ուղարկում: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: 

«Չեմ հավատում, որ առանց հստակ պայմանավորվածությունների՝ Կարեն Կարապետյանը նման միանշանակ հայտարարություն կաներ»,- ընդգծեց քաղտեխնոլոգը: 

Կարեն Քոչարյանի խոսքով՝ վարչապետի հայտարարություններն ընդամենը հստակություն մտցնելու համար էին, որ վերջ դրվի խոսակցություններին, որոնք պարբերաբար լինում են մամուլում:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ վարչապետի մեսիջը պատահական չէր: «Ես կարծում եմ, որ վարչապետի նշանակման առաջին իսկ օրվանից՝ որևէ խնդիր չի եղել, պարզապես խոսակցություններ են եղել՝ անիմաստ և «հավայի» աղբյուրներից վերցված: Ես գտնում եմ, որ քաղաքական դաշտում ինչպես եղել է, այնպես էլ կմնա, և վերադասավորումներ չեն լինի»,- ասաց նա և ընդգծեց՝ հասկանալով Հայաստանի քաղաքական դաշտի ամբողջ աշխատանքի մեխանիզմը, պարզ է, որ առանց նախնական պայմանավորվածության՝ նման հայտարարություններ՝ վարչապետը չէր անի: 

Սոնա Հարությունյան