Բավականին երկար ժամանակ է ինչ չեն դադարում դատապարտվածներին համաներում շնորհելու մասին խոսակցությունները, սակայն, գործընթացն այդպես էլ տեղի չի ունենում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, խոսելով համաներման մասին, ասաց, որ Հայաստանում բացակայում են դատական արդարադատությունը և վաղաժամկետ ազատման մեխանիզմը չի գործում կամ ընտրովի է գործում:

Ըստ իրավապաշտպանի՝ ընտրովի է նաև հայաստանյան արդարադատությունը և ներման մեխանիզմը.«Դատապարտյալների և հասարակության հույսը մնում է համաներումը: Համաներումը գործադիր իշխանության ղեկավարի, Հայաստանի պարագայում՝ նախագահի բարյացկամությունն է մարդկանց ազատ արձակելու: Սրանով կոմպրոմիս է գնում հանրության և իշխանության միջև՝ վատ իմաստով: Սրանով իշխանությունը մի քանի հարց է լուծում. մեկը, երբ լինում է հասարակական պահանջ քաղաքական բանտարկյալներին ազատելու և գործում է «բարի կամքը» իշխանությունների, մյուսը՝ այս քայլով իշխանությունը լուծում է բանտերի ծանրաբեռնվածության հարցը»:

Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ համաներման հետ կապված մեր սպասելիքներն ի վերջո հպատակի սպասելիքներ են. «Համաներման պահանջ ինչ-որ չափով կա, բայց արդյոք բավարա՞ր է այն, որ իշխանությունները համաներում հայտարարեն, որովհետև 2008 թ-ին ողջ հանրությունը և միջազգային կառույցները պահանջեցին քաղբանտարկյալներին ազատ արձակել, և իշխանությունները գնացին համաներումների ճանապարհով: Հիմա ինչ-որ չափով կա քաղբանտարկայալներին ազատ արձակելու պահանջը, բայց ոչ այն թափով որքան կար 2008-ին»:

Համաներում կլինի թե՞ ոչ հարցին Ավետիք Իշխանյանը դժվարացավ հստակ պատասխանել. «Գուցե և լինի, և այստեղ հարց է առաջանում՝ ում վրա կազդի այդ համաներումը: Սա բավականին բարդ խնդիր է, քանի որ, եթե ազգային համաձայնության հարց լիներ Հայաստանում, ապա դա կտարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա, այդ թվում՝ «Սասնա ծռերի»: Շատ կուզենայի, սակայն, չեմ կարծում, որ համաներումը այդքան լայն ընդգրկում ունենա»:

Անդրադառնալով Կարո Կարապետյանի' Յուվեցի Կարոյի փեսայի դեպքին, ով օրերս ազատ արձակվեց, իրավապաշտպանը նշեց. «Դա ընտրովի ներում էր: Այսինքն՝ մի կողմից մերձավորներին, մի կողմից հնարավոր հեռացողներին իր կողմը գրավելու համար ներում է կատարվում նրանց կամ նրանց հարազատներին և դա համեմատության մեջ դնել այլոց հետ Հայաստանի պարագայում տեղին չէ: Պետք է հասկանալ իշխանության բնույթը և այն, թե նա ո՞ր դեպքում է ներում կամ համաներում անում»:

Սոնա Հարությունյան