Կանադայի Տորոնտո քաղաքում ոստիկանին սպանած հայը եղել է ուղեղը մթագնած վիճակում, երբ ձյուն մաքրող գործիքով հարվածել է սերժանտին: Ամենայն հավանականությամբ, նա տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ: 44-ամյա Ռիչարդ Քաչքարը մի քանի տարի է, տառապում է «ոչ սուր» արտահայտված հոգեկան հիվանդությամբ: Օրինակ 2006-ին նա գիշերն արթնացել է, սկսել է բղավել, որ իրեն բռնել է սատանան եւ հարվածել է կնոջը:

Ինչպես հաղորդում է «The Windsor Star»-ը, դատական հոգեբույժ Ֆիլիպ Կլասենը դատարանում հայտնել է, որ 2011-ի հունվարին սերժանտ Ռայան Ռասելին սպանելուց առաջ Քաչքարի մոտ շատ խիստ սրացում է եղել:

Նշենք, որ Ռիչարդ Քաչքարն իրեն մեղավոր չի ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ, իսկ նրա փաստաբանները համոզում են դատական ատենակալներին նրան անմեղսունակ ճանաչել, ինչը նշանակում է, որ նա չի գիտակցել, թե ինչ է անում: