Բաքուն առաջիկայում դառնալու է խոշորամասշտաբ սպորտային իրադարձության կենտրոն. Ադրբեջանում անցկացվելու է Իսլամիադա: Տեղեկատվության կարգով նշենք, որ այս սպորտային ֆորմատը համաշխարհային օլիմպիական խաղերի մահմեդականացված տարբերակն է, որը կոչված է իբր միասնության խորհրդանիշ դառնալու իսլամադավան երկրների միջև՝ մի բան, որն իրականում բնության մեջ գոյություն ունենալ չի կարող:

Պարզվում է, սակայն, որ 2017-ի Իսլամիադան զերծ չի լինելու սկանդալներից. մի շարք երկրներ՝ Լիբիան, Քուվեյթը, Սուդանը հրաժարվել են մասնակցել այդ խաղերին: Հաշվի առնելով այն, որ մեծ սպորտը երբեք զերծ չի եղել մեծ քաղաքականությունից, ու դրանք գործնականում միմյանց փոխկապակցված բաներ են, միանգամից զրոյանում են համապատասխան երկրների այն պատճառաբանությունները, որոնք բերվել են որպես հիմք՝ չմասնակցելու Բաքվում կայանալիք խոշոր իրադարձությանը: Իրականում ի՞նչ է տեղի ունենում: Նախ՝ ակնհայտ է, որ Իսլամիադայի անցկացման վայրի ընտրությունը զերծ չի կարող լինել աշխարհաքաղաքականությունից. Թուրքիայի մատն այս հարցում ակնհայտորեն խառն է, քանի որ համայն իսլամական աշխարհը միավորող այս միջոցառման՝ Բաքվում անցկացնելը Անկարան ջանալու է ներկայացնել որպես իր հաղթանակն այն իմաստով, որ այդ ամենով՝ է՛լ ավելի է շեշտվելու թուրքերի առաջնայնությունը իսլամական ազգերի մեջ: Թուրքիան, որը հանդես է գալիս տարածաշրջանային լիդերի դերում, մշտապես արել ու անում է ամեն բան՝ դառնալու ողջ իսլամական աշխարհի առաջնորդը: Այս սցենարն, ի դեպ, բնավ էլ չի հակասում Արևմուտքի շահերին, քանի որ Թուրքիան, լինելով խամաճիկային երկիր Արևմուտքի ձեռքին, շատ հարմար թեկնածու է այդ դերի համար: Հարցն այն է, սակայն, որ այդ ծրագրին դեմ են հիմնականում արաբները, որոնք արդարացիորեն իրենց են համարում իսլամի առաջնային կրողներ ու չեն ցանկանում ստորադասվել որևէ մեկին:

Ի դեպ՝ իսլամական աշխարհի առաջնորդի դերում նաև փորձում է հանդես գալ Իրանը, որի շանսերը, սակայն, շատ ավելի նվազ է. Իրանը շիական պետություն է, իսկ սուննի մահմեդականները երբեք չեն համաձայնվի առաջնորդվել շիաների կողմից:

Թե ինչ քաղաքական հետևանքներ կունենա Իսլամիադան թուրք-ազերիական տանդեմի համար, թերևս պարզ կլինի ապագայում, բայց որ Ալիևի ու Էրդողանի ախորժակը չափից դուրս մեծ է, ակնհայտ է...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ