«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, այսօր՝ մայիսի 11-ին, լչագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Փաշինյանի առաջարկին հայտարարեց՝ ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր առաջարկով կրկնում է իշխանության արատավոր գործունեությունը։ 

Նշենք՝ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ խոստացել է ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15,000-ական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից: Դա օրինական կլինի և Երևան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրված քաղաքացիներին» կետը:

Ըստ Փոստանջյանի՝ Փաշինյանի հայտարարությունը պարունակում է քրեորեն պատժելի արարք և իրավապահ մարմինները պետք է այդ հայտարարությանը ընթացք տան․ «Ես դատապարտում եմ նման հայատարարությունը և գտնում եմ, որ դա կրկնում է այն արատավոր իշխանության գործունեությունը, որն այս պահին կա։ Փաշինյանը կողմ է քվեարկել 1000 դրամների նախագծին, նա դեմ է քվեարկել իմ բազմաթիվ նախագծերին հանձնաժողովներում։ Նա ապրիլի 2–ի խայտառակ ընտրությունները ճանաչել է լեգիտիմ, մինչդեռ ապրիլի 2–ի ընտրությունները հանցագործություն էին մեր ողջ ժողովրդի հանդեպ»։