ԵԼՔ դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքում ուղիղ եթերով հայտարարեց, որ Արարատյան զանգվածում, Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք են բաժանել։

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Աննա Զախարյանը աշխատանքից տուն գնալիս նկատել է, որ շտաբից մարդիկ են դուրս գալիս՝ ձեռքներին արդեն քվեարկած քվեաթերթիկներով և գումար։ Լրագրողը նկատել է 20․000-անոց թղթադրամ։

Լրագրողն այս ամենը տեսաձայնագրել է հեռախոսով, որից հետո նրան են մոտեցել ինչ-որ տղաներ և վերցրել վերջինիս հեռախոսը։ Որոշ ժամանակ անց վերադարձրել են հեռախոսը՝ գրեթե ամեն բան ջնջած։ Սակայն պահպանվել է դրանցից մեկը որն էլ ներկայացնում ենք ստորև։

Ուղիղ եթերում Փաշինյանն այս ամենն որակեց՝ «ընտրողների ուղղորդված քվեարկություն»։ Նա պատմեց նաև, որ երբ մոտեցել է շտաբին, այնտեղից դուրս է եկել 2012 թվականին Սամվել Ալեքսանյանի դրածո թեկնածու Վարդան Վարդանյանը, որը սադրիչ ու անհեթեթ հայտարարություններ է արել։ Վարդանյանը ոտքով հարվածել է Փաշինյանի վստահված անձ Հայկ Սարգսյանի ձեռքին և ճողոպրել դեպքի վայրից։

Նշենք՝ քաղաքապետի թեկնածուն դեպքի կապակցությամբ դիմել է ոստիկանություն։

ՀՀԿ նախընտրական շտաբը Փաշինյանի հայտարարության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուկ» սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ եւ 20 հազարանոց դրամներ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է եւ չի՛ համապատասխանում իրականությանը:

Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»: