Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն դաշինքը, որ օրերս կնքվեց, հիմնականում դիտարկվում ու վերլուծվում է' ներքաղաքական պայքարի տրամաբանությունից ելնելով, իշխանության ներսում չդադարող պայքարի համատեքստում,սակայն պետք չէ մոռանալ,որ Հանրապետականի կողմից կոալիցիոն գործընկերության առաջարկը'ՀՅԴ-ին ունի նաև որոշակի քարոզչական տարրեր. խնդիր կա ոչ այնքան ներսի, որքան դրսի լսարանի համար ստեղծել ժողովրդավարության իմիտացիա' լեգիտիմության որոշակի տոկոս հաղորդելու ՀՀԿ իրական գերիշխանությանն երկրում:


Հարցը, թե այդ ձեռնարկը կամ, եթե կուզեք, խաղը որքանով կարող է համոզիչ թվալ մի պարագայում,երբ Հայաստանում զուտ օբյեկտիվորեն դեմոկրատական կառավարման դեֆիցտն այդպես էլ չի լրացվում, քննարկման միանգամայն առանձին ու ծավալուն թեմա է:Անկասկած է,որ ո՛չ նեսրում,ո՛չ էլ առավեկ ևս դրսում հակված չեն հավատալու Հանրապետականի խորամանկ այդ քայլին' շատ լավ հասկանալով,որ իրականում կոալիցիայի ներսում իբր հաստատված ժողովրդավարական հարաբերությունները կամ ՀՅԴ-ի իրավահավասարության մասին պնդումները սովորական շղարշ են' ներքաղաքական խնդիրներ լուծելու, ՀՅԴ-ի իրավահավասարության քողի տակ ՀՀԿ-ի քաղաքական պլաններն իրականացնելու համար: Մի կուսակցություն,որի ներսում անգամ ժողովրդավարության ոչ մի նշույլ չկա,ու որոշումներն ընդունվում են բացառապես մեկ անձի թելադրանքով,ուր բացակայում է կլոր սեղանի սկզբունքը,չի կարող մեկ այլ քաղաքական ուժի հետ իր համագործակցությունը հիմնել ժողովրդավարական սկզբունքների վրա.դա նոնսենս է:

 

Իսկ թե ինչպես կարող է ժողովրդավարության իմիտացիան ծառայեցվել կուսակցական նեղ շահերին, ներիշխանական պայքարում ՀՀԿ միջուկի համար ցանկալի ադյունք գրանցելուն ու նույնիսկ դրսի համար «ընկալելի» թվալուն, ամենալավը գիտեն, թերևս, ամենավերևներում,ուր և ի սկզբանե գծագրել էին այն պատկերը,որին ականատես ենք դառնում այսօր: Իրականում, կիսով չափ իր ուսերից թոթափելով երկրի կառավարման հարցում պատասխանատվությունը, ՀՀԿ-ն մի կողմից թուլացնում է հասարակական հնարավոր ճնշումն իր նկատմամբ' տնտեսական անփառունակ քաղաքականության պատասխանատվությունը կիսելով Դաշնակցության հետ,մյուս կողմից այդ իրավահավասար կոալիցիայի մասին միֆը հրաշալի գործիք է դառնում հենց ՀՀԿ ներսում ինչ-ինչ վերդասավորումներ անելու տեսանկյունից, փայլուն պատճառաբանություն'ասենք վարչապետ Կարապետյանին ժամանակ առ ժամանակ հիշեցնելու,թե ով է երկրում իրավիճակի իրական տերը:


Այլ կերպ ասած'կոալիցիան ՀՀԿ-ի համար ուղղակի իդեալական լուծում է,ու նույնիսկ դժվար է պատկերացնել,թե ինչ կլիներ,եթե ՀՅԴ-ն ձեռք չմեկներ ՀՀԿ-ին: Նույնիսկ եթե ՀՅԴ գործառույթներն ապագայի Կառավարությունում չընդլայնվեն էլ, ու Կարապետյանը պահպանի իր կադրային ողջ աստղաբույլը, նրա համար այնքան էլ հեշտ չի լինելու լեզու գտնել ՀՅԴ-ի հետ. ասվածի անզուգական ապացույցը, թերևս կարելի է համարել ներկայում Կարապետյանի ջղաձիգ վերաբերմունքը նույն Դաշնակցության նկատմամբ, ինչը պայմանավորված է վարչապետի այն գիտակցմամբ,որ իրականում ամեն բան այնպես չստացվեց,ինչպես պլանավորվում էր խաղը սկսելու ամենասկզբում…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ