Այսօր իշխանական կուլիսներում առկա թիվ մեկ հարցն է՝ ով՝ ում. Կարեն Կարապետյա՞նը կփոխի կոալիցիան, այսինքն՝ փաստացի՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, թե՞ Սերժ Սարգսյանը՝ Կարապետյանին: Այն, որ խնդիրը հենց այդ համատեքստում է, կամ դա է խնդրի առանցքը, ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում խոստովանել է նաեւ Կարեն Կարապետյանը, վարչապետ մնալու ցանկության վերաբերյալ հարցին պատասխանելով, թե երբեք չի երազել վարչապետ լինելու մասին եւ իր երազանքը Հայաստանում փոփոխությունների հասնելն է, ոչ թե իշխանության:

Այդպիսով, Կարապետյանը բավական թափանցիկ սահմանել է խնդիրը՝ կամ Հայաստանում իր միջոցով իրականացվում է իշխանափոխություն, կամ իշխանությունը վերարտադրվում է կոալիցիայի միջոցով: Ի վերջո, պարզ է, որ կոալիցիան ուղղված է հենց Կարապետյանի վարչապետության դեմ, իհարկե՝ 2018-ից հետո: Ավելին, կոալիցիայի այդ նպատակակետը բավականին թափանցիկ ակնարկով մատնանշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով ստորագրմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում արձանագրեց 2016-ի ստորագրման համեմատ 2017-ին այլ վարչապետի ներկայությունը: Ակնարկը, իհարկե, բազմիմաստ է, ենթակա տարաբնույթ մեկնաբանության, բայց այդ շարքում անկասկած նաև այնպիսին, որը ենթադրում է նախազգուշացում Կարեն Կարապետյանին: Նոր հուշագիրը ստորագրվում է էլի քաղաքական առանձնահատուկ իրավիճակում, եւ ՀՀԿ-ն վերստին դրա անհրաժեշտությունը չուներ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել է բավարար թվով պատգամավորական մանդատներ՝ Ազգային ժողովում իր գիծն առաջ տանելու համար, եւ այս առումով՝ ՀՅԴ-ի մի քանի մանդատները ՀՀԿ-ի համար քվեարկությունների ժամանակ որոշիչ չեն:

Ըստ ամենայնի՝ ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ին նախարարական մի քանի պորտֆելներ նվիրում է 2018 թվականի քաղաքական վճռական իրադարձության համատեքստում. հայտնի է, որ Հայաստանը հենց այդ ժամանակ է ամբողջապես անցնելու խորհրդարանական կառավարման համակարգին, ավարտվելու է ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ժամկետը, նվազելու են նախագահի լիրազորությունները, պետության փաստացի ղեկավարը դառնալու է վարչապետը: Այդ պաշտոնին հավակնում է Սերժ Սարգսյանը: Չնայած Սերժ Սարգսյանը բաց տեքստով այդ մասին չի հայտարարել, սակայն նրա խոսափող հանդիսացող ՀՀԿ-ականները (օրինակ, Էդ. Շարմազանովը) մի քանի անգամ հասկացրել են դա: Օրերս գործող վարչապետ Կարեն Կարապետյանը Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե պատրաստ է վարչապետ մնալ եւ երկրի ղեկավարի պարտականություններն ստանձնել 2018թ.-ից հետո: Խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամն է, որ Կարեն Կարապետյանը նմանատիպ հայտարարություն է անում: Ինչ-որ տեղ սա կարելի է մարտահրավեր համարել Սերժ Սարգսյանի ծրագրին:

Սա նաեւ քաղաքական նոր իրավիճակ ստեղծելու նախադրյալ կարող է լինել՝ ներիշխանական առումով: Կարեն Կարապտյանն ունի Ռուսաստանի աջակցությունը. նրա հետ տնտեսական, ինչու չէ՝ նաեւ քաղաքական համատեղ ծրագրեր է իրականացնում Ռուսաստանում գործող մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Նրանք կարող են հավակնություններ ունենալ 2018 թվականից հետո հայաստանյան իշխանական դաշտում առաջնային դիրքեր գրավելու համար: Ներիշխանական պայքարի սրման ժամանակ Սերժ Սարգսյանին՝ բացի իր ՀՀԿ-ից, հարկավոր կլինի նաեւ ՀՅԴ-ն: Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հասկացրել է, որ այնքան էլ չի ողջունում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու գաղափարը եւ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: Հայտնի է, որ նա, հատուկ, ոչ այնքան քաղցր փոխհարաբերություններ ունի դաշնակցական նախարարների հանդեպ: ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու ջատագովը Սերժ Սարգսյանն է, եւ չի բացառվում, որ նա կոալիցիայի գնաց՝ ի հեճուկս Կարեն Կարապետյանի:

Հասկանալի է, որ գործադիրի ղեկավարը պետք է ունենա համապատասխան «ազատություններ»՝ կառավարական կաբինետ ձևավորելու հարցում: Կարեն Կարապետյանը տևական ժամանակ պայքարում էր հենց այդ ազատության համար: Այդ իսկ պատճառով՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն քննարկումները տևական ընթացք ունեցան, իսկ որոշ անհամաձայնություններ նաև դուրս սպրդեցին կառավարության պատերից: Կարեն Կարապետյանի «թեկնածուները»՝ կոնկրետ ՀՅԴ նախարարների դերում, մերժվեցին, Սերժ Սարգսյանը նախապատվությունը տվեց ՀՅԴ-ի առաջարկած թեկնածուներին: Ինչպես արդեն հայտնի է, Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը հրաժարվել են պատգամավորական մանդատներից, սա ենթադրում է, որ նրանք կլինեն ՀՅԴ նախարարական պորտֆելների տերերը: Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար նախապատվելին համարվել են հենց ՀՅԴ վերնախավի առաջարկած թեկնածուները, և ոչ Կարեն Կարապետյանի:

Ինչ կարող է ստեղծված իրավիճակում հակադրել Կարեն Կարապետյանը: Վերջինս կարծես թե գործողությունների նոր պլան է մշակել և չի պատրաստվում հրաժարվել 2018-ի իշխանական նկրտումներից: Բանն այն է, որ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու՝ գործող նախագահի գաղափարը չեն կիսում նաև բազմաթիվ հանրապետականներ, որոնք թեև բացահայտ կերպով չեն հակադրվում Սերժ Սարգսյանի կամքին, այնուամենայնիվ, գտնում են, որ ՀՀԿ-ին դաշնակցությունը բնավ էլ հարկավոր չէր և իշխանության այդ մասը ևս կարելի էր պահել: Դաշնակցությունը, փաստացի՝ բեռ է դարձել հանրապետականի համար և այս իրավիճակից ցանկանում է օգտվել Կարեն Կարապետյանը, արմատական քայլերի միջոցով իր կողմը գրավելով տարակուսող հանրապետականներին: Իսկ արմատական քայլերի առաջին ծիլերն արդեն իսկ երևում են. կառավարության նիստերի ընթացքում վարչապետը թիրախավորում է հենց դաշնակցական նախարարների ոլորտներում առկա խնդիրները և բավական կոշտ հայտարարություններով հանդես գալիս: Ներիշխանական պայքարում Կարեն Կարապետյանի հակահարվածը, փաստորեն, առաջինը ստացավ կոալիցիոն հին ու նոր գործընկերը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ