Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ հրատապ ասուլիս էր հրավիրել այսօր ավագանու մեկ այլ թեկնածու` Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Զարուհի Փոստանջյանն ասուլիսին ասաց, որ իր երկրորդ աղջիկը`Լիլիթ Դրամփյանը, այս պահին Հանրապետական հիվանդանոցում է, քանի որ գլխի շրջանում այդ միջադեպի ընթացքում վնասվածքներ է ստացել, բացի այդ ձեռքերին և ոտքերին քերծվածքներ է ստացել:

«Աղջկաս պարզապես առևանգեցին, բայց այս պահին նա հիվանդանոցում է: Առևանգելուց հետո չգիտեմ, թե ով է հրաման տվել, բայց նրան ոստիկանության մեքենայից իջեցրել էին և թողել Մասիվ գնացող ճանապարհին: Հիմա հետազոտություններ է անցնում»:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ աղջիկն ուղեղի ցնում է ստացել, Փոստանջյանն ասաց, որ շատ է հարվածներ ստացել, այդ թվում` գլխի հատվածում, բայց նա չի հասցրել մնա հիվանդանոցում և ծանոթանալ հետազոտությունների արդյունքներին, քանի որ շտապել է ասուլիսին:

Ընդդիմադիր գործիչը վստահություն հայտնեց նաև, որ այն փաստաթղթերի համար, որ իրենք գնացել էին Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ, պարունակում էին ընտրակեղծարարության մասին ապացույցներ: