Նոր կառավարության կազմը թեպետ դեռևս հայտնի չէ, սակայն քիչ ժամանակ է մնացել այն օրվան, երբ հայտնի կդառնան այն անձանց անուններն, ովքեր հանդիսանալու են երկրի նոր կառավարության գլխավոր դեմքերը: Հարցն այս, թերևս, առավելապես կարևորվում է քաղաքական տեսանկյունից, քանի որ գաղտնիք չէ, որ իշխանական վերին օղակներում գոյություն ունի շատ կոնկրետ պայքար՝ ազդեցության գոտիների ընդլայնման իմաստով, ու ապագա կառավարության կազմն առավելապես մեծ հետարքրությունն է առաջացնում հենց այս տեսանկյունից:


Հարյուրավոր մեղրեցիներ, պարզվում է՝ բաց նամակ են հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բողոքելով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մատուցվող բժշկական ծառայությունների որակից: «Առողջապահական համակարագի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում բացված բժշկական կենտրոնը, որն իր մեջ այժմ միավորում է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները, և որը հագեցած է ժամանակակից տեխնիկայի վերջին խոսքով, ըստ նամակի հեղինակների, իրականում չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները՝ դրանում աշխատող բժիշկների ու այլ մասնագետների թերի մասնագիտական կարողությունների հետևանքով, ու մեղրեցիներն ամեն անգամ, նույնիսկ չնչին խնդրով, ստիպված են լինում մայրաքաղաք գալ ու օգտվել տեղի բշժկական կենտրոնների մատուցած ծառայություններից:


Այն, որ մեր երկրում մարզային հիվանդանոցների կողմից մատուցվող բժշկական ծառայությունների անբավարար որակի մասին հատկապես վերջին ժամանակներս ասվում ու գրվում է բավական շատ, առավել քան ակնհայտ է. խնդիրներն այստեղ չափազանց շատ են: Հետևելով վերջին ամիսներին առողջապահության ոլորտին վերաբերող հրապարակումներին՝ անսխալ տպավորություն է ստեղծվում, թե Լևոն Ալթունյանի նախարար դառնալուց հետո այս կարևորագույն ոլորտում խնդիրները ոչ թե նվազել են կամ լուծվել, այլ՝ միայն ավելացել: Իսկ սա, բնականաբար, ցանկացած նորմալ մարդու մոտ ստեղծում է բնական ցանկություն՝ Ալթունյանին փոխարինված տեսնել այնպիսի մեկով, որը ոչ թե խնդիրներ կհարուցի կամ դրանք աչքաթող կանի, այլ կլուծի:


Անկասկած է, սակայն, որ այս ամենն ունի նաև շատ կոնկրետ քաղաքական ենթատեքստ: Բանն այն է որ Ալթունյանի մասնագիտական անհաջողությունները, հասարակության շրջանում նրա նկատմամբ հետզհետե խմորվող հակակրանքը, բողոքներն ու ակնհայտ տապալումները կարող են ու դառնալու են քաղաքական շահարկման առարկա ներիշխանական բուրգում. հրաշալի առիթ է առաջանում Կարապետյանի կադրին կրճատելու ու նրա փոխարեն շատ ավելի ընկալելի մեկին նշանակելու՝ այդպիսով հարվածելով Կարապետյանի դիրքերին՝ ներիշխանական բուրգում. առողջապահական համակարգի խնդիրների նկատմամբ դրսևորվող ուշադրությունն, այդ խնդիրների հանրայնացումը մեծապես հետապնդում է քաղաքական նպատակներ:

 

Իհարկե, ասել, թե Կարապետյանի մյուս կադրերն իրենց կառավարման շրջանում համապատասխան ոլորտները հասցրել են շենացնել ու կատարյալ դարձնել, միանգամայն անհիմն կլիներ, բայց, համաձայնե՛ք՝ Ալթունյանի անվան շուրջ աղմուկը չափից շատ ստացվեց, ինչը չի կարող անհետևանք մնալ...

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ