Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման օրինագիծն ու ընթացքը, որն ըստ Հովհաննիսյանի, համապատասխանելու է ինքնավարության եւ անկախության միջազգային լավագույն չափանիշներին:

 

Հակակոռուպցիոն այդ նոր կառույցի անդամները չեն ենթարկվելու իշխանության որեւէ օղակի, իսկ ֆինանսավորումը լինելու է բյուջեից: Ֆինանսավորման հանգամանքը ուշագրավ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանում մինչ այժմ կար մի հակակոռուպցիոն կառույց, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ աջակցությամբ: Եվրամիության Հայաստանի պատվիրակությունում դրամաշնորհների հետ կապված կոռուպցիոն բացահայտումը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը մատուցեց «սենսացիոն» կամ «սկանդալային» ժանրի կանոններով:


Մի կողմից դրսևորվում էր ազգային սնափառություն կոչվածը, թե տեսեք' մեր իրավապահներն ինչքան պրոֆեսիոնալ ու օպերատիվ են աշխատում, որ նրանց ձեռքերը հասան ամենակարող Եվրամիության գրասենյակ: Բայց իշխանության մարտավարությունն ուներ մեկ այլ' ավելի կարևոր ենթատեքստ, որ մեր երկրին կոռուպցիայի մեջ մեղադրում է մի կառույց, որն ինքն է թաթախված կոռուպցիայի մեջ: ԵՄ Հայաստանի պատվիրակության շուրջ ձևավորվում էր անվստահություն արտահայտող հանրային կարծիք, թե՝ եղունգ ունեք, ձեր գլուխը քորեք: Այս տրամադրություններն այնքան ակներև էին, որ չէին կարող վրիպել եվրոպացի դիվանագետների ուշադրությունից: Այնուհետև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը սենսացիոն հայտարարություն է արել: Պյոտր Սվիտալսկին ասել է, որ դրամաշնորհային խարդախությունը բացահայտվել էր ԵՄ-ի Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:


Ասել կուզի, որ մեր իրավապահների պրոֆեսիոնալիզմն ու ուշադրությունն այս հարցում որևէ դեր, նշանակություն չունեն, և եվրոպացիներն իրենք են զբաղվել իրենց տան «աղբահանությամբ»: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, նպաստում է բնակչության արտահոսքին, ինչպես նաև խոչընդոտում է երկրի' արտաքին աշխարհի հետ հարաբերվելուն, ինչը նորանոր վտանգներ է ստեղծում ազգային անվտանգության տեսանկյունից: Սվիտալսկին նրբորեն ակնարկել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետություն չունի, որովհետև մենք չունենք OLAF-ի նման անկախ ու արդյունավետ մարմին: Եվրոպացի դիվանագետը հասկացնում է, որ կոռումպացված իշխանությունը չի կարող ինքն իր դեմ պայքարել

Միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալները տարեցտարի աճում են, սակայն դրանք հիմնականում նպատակային չեն օգտագործվում: Այս նոր օրինագիծը, որով ենթադրվում է հակակոռուպցիոն նոր մարմին ձևավորվել կարող է առավել երաշխավորված դարձնել իշխանության «անկախությունը» Արեւմուտքից՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, բայց նաեւ «անկախությունը» հասարակությունից: Հաշվի առնելով որ նոր մարմինը ֆինանսավորվելու է ոչ թե արևմուտքից, այլ պետական բյուջեից, ասել է թե հարկատուների գրպանից՝ հարց է առաջանում, արդյոք կերաշխավորվի նոր մարմնի հաշվետվողականությունը հանրությանը: Այս հարցում որոշիչ է լինելու ներիշխանական պայքարում ստատուս քվոյի պահպանումը կամ տրանսֆորմացիան, այդ պայքարը հուշում է, որ ստեղծվելիք կառույցը պարզապես դառնալու է գործիք ներիշխանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Այլ բան է ՝ թե ում ձեռքում կհայտնվի այդ գործիքակազմը: Բայց այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն 2018 թվականը: Ներիշխանական խուլ պայքարի պրիզմայի ներքո այս պայքարը կընթանա ոչ իբրև դասական պայքար կոռուպցիայի դեմ, այլ ամենայն հավանականությամբ այլ կլինի պայքար քաղաքական հակառակորդների դեմ:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ