Գեղարքունիքի մարզի Արծվանիստի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն այսուհետ կրելու է նույն դպրոցի նախկին սան, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակից, մարտական դիրքում դժբախտ պատահարի զոհ դարձած Խորեն Դերենիկի Հարությունյանի անունը:

 

Դասասենյակի անվանակոչության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, Արծվանիստի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը եւ աշակերտները, Խորեն Հարությունյանի մայրը, եղբայրը, տատը եւ այլ հարազատներ: Հանդես գալով բացման խոսքով՝ դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանը նշեց, որ Խորեն Հարությունյանը Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակցել է Թալիշի պաշտպանական դիրքերում, աչքի ընկել խիզախությամբ, նպաստել հակառակորդի ջախջախմանը, անգամ մարտից դուրս եկել առանց վիրավորվելու: Սակայն մարտական դիրքում Խորենը զոհվել է 2016 թվականի հունիսի 2-ին, դժբախտ պատահարի հետեւանքով:

 

«Խորեն Հարությունյանը հետմահու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալների:Նա ուսման տարիներին եւս աչքի էր ընկնում առաջադիմությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ: Կարծում եմ, որ նրա անունն արժանիորեն է կրում մեր դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը, քանի որ մեր սերունդները Խորենից եւ մեր հայրենասեր մյուս տղաներից շատ դասեր ունեն քաղելու»,- նշեց դպրոցի տնօրենը:

 

Այնուհետ Խորեն Հարությունյանի դպրոցական եւ զինվորական կյանքի անցած ուղին ներկայացրին Արծվանիստի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ այն համեմելով հայրենասիրական բանաստեղծություններով ու թեւավոր խոսքերով:

 

«Այս միջոցառումը սոսկ անվանակոչության նպատակով հրավիրված միջոցառում չէր: Այն նաեւ ռազմահայրենասիրական բաց դաս էր մի երիտասարդի մասին, ով մասնակցեց Ապրիլյան քառօրյա հերոսամարտին եւ քաջաբար պաշտպանեց հայրենի հողը: Սա ոչ միայն Խորենի ընտանիքի վիշտն է, այլ բոլորիս համազգային ցավը, ինչը մեր ներկա ու ապագա զինվորներին, սերունդներին պարտավորեցնում է՝ անմար պահել Խորենի եւ մյուս մարտնչող տղաների անունն ու գործը»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը:

 

Դասասենյակի բացման պատիվը տրվեց Խորեն Հարությունյանի եղբորը՝ Հարություն Հարությունյանին: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Վանեվանի հոգեւոր հովիվ Տեր Տիրատուր քահանան:

 

«Արդեն մեկ տարի է, ինչ չկա իմ սիրելի զավակը, բայց ամեն ակնթարթ ես նրան զգում եմ իմ կողքին: Հիմա, երբ մեր դպրոցի դասասենյակն անվանակոչվեց զավակիս անունով, նրա շունչն ավելի ուժեղ եմ զգում, փոքր-ինչ սփոփվում եմ, որ Խորենիս անունը կապրի հավերժության մեջ: Ես իմ խորունկ ցավի հետ նաեւ հպարտանում եմ, որ նման առյուծ որդի եմ ծնել, սնել ու դաստիարակել: Թող այլեւս ոչ մի մայր նման վիշտ չտեսնի, թող Հայոց աշխարհի վրա թագավորի խաղաղությունը»,-ամփոփիչ խոսքում նշեց Խորեն Հարությունյանի մայրը՝ Արծվանիստի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Թամարա Բոլոզյանը: