Համաշխարհային բանկը օրերս հրապարակել է «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի համար, մեղմ ասած, բավականին տխուր իրականություն և հեռանկար է նկարագրված: Նախ՝ այս տարվա համար կանխատեսել է ընդամենը 2,7 տոկոս աճ: Տարեկան կտրվածքով, եթե անգամ Հայաստանի կառավարությանը հաջողվի այս աճը ապահովել, ապա, միևնույն է, այն շատ ցածր ցուցանիշ է զարգացող տնտեսությունների համար: Ի դեպ, կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, բյուջեում, ամրագրել է, որ 2017թ. ՀՀ տնտեսությունը պետք է աճի 3,2 տոկոսով, ինչը նույնպես ցածր ցուցանիշ է: Եվ հատկանշականն այն է, որ ԱՄՀ-ն խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, իսկ ՀԲ-ն վարչապետի վերանշանակումից ու նոր կառավարության ձևավորումից առաջ կասկածի տակ են դնում Կ. Կարապետյանի ներկայացրած թվերն ու խոստումները՝ այդպիսով ցույց տալով, որ դրանք այնքան էլ իրատեսական չեն:


Ինչպես գիտենք, Հայաստանում ներդրումային բում ապահովելու նպատակով վարչապետի կողմից ստեղծվել էր Ներդրողների ակումբը: Ովքե՞ր են այդ ներդրողները, որոնք պետք է ապահովեին մեր երկրի տնտեսության զարգացումը և առաջընթացը: Դրանցից առաջինը Սամվել Կարապետյանն է, ով գուցե առաջիկա տարիներին կատարի խոստացած 300 մլն դոլարի ներդրումը, իսկ գուցե արդեն իսկ հետ է կանգնել սույն նախաձեռնությունից, այդ գինը չափազանց բարձր համարելով՝ Կարեն Կարապետյանի քաղաքական հենարանը ամրապնդելու համար: Իսկ ովքե՞ր են մյուսները, որոնք պետք է աջակցեն Կ. Կարապետյանին: Դրանց մեջ են «Լյուդինգ» ընկերության սեփականատերերը, որոնք, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դժգոհություն են հայտնել, որ իրենց ստիպել են միանալու այդ ծրագրին, և որ առանց այդ էլ իրենց բիզնեսը ֆինանսական խնդիրներ ունի, ուր մնաց թե միանան Հայաստանում Կարեն Կարապետյանի իմիջի կերտմանը: Այս հիմնադրամին աջակցողներից մեկն էլ Ռուսաստանում, մասնավորապես՝ Սոչիում ու Կրասնոդարի երկրամասում հայտնի Ռուբեն Թաթուլյանը կամ հայտնի Ռոբսոնն է: Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Չեխիայում՝ օրենքով գողերի հերթական հավաքի ժամանակ: Միջոցառումը ֆինանսավորել է Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով : Ռոբսոնը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, համարվում է Դեդ Հասանի «հետնորդը» եւ Ռուսաստանի սեւծովյան տարածաշրջանի «նայողը»: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նա Հայաստանի պատվավոր հյուպատոսն էր այս տարածաշրջանում եւ շրջում էր հայկական դիվանագիտական համարանիշերով մեքենայով:


Ահա նման քրեական հեղինակություններն են օգնելու Կարապետյանի կայացմանն ու դիրքերի ամրապնդմանը: Նրանք, թեև այդ երեք տասնյակ գործարարների հետ Հայաստան այդպես էլ չժամանեցին, բայց ներգրավված են մեր տնտեսության շենացման սուրբ գործում: Եվ սրանք մարդիկ են, որոնց ամենատարբեր հանցագործություններ են վերագրվել իրենց շահին հասնելու համար: Եվ արդյոք կրիմինալը կարող է Հայաստանի զարգացման գործում անշահախնդիր ներդրում ունենալ: Կամ Հայաստանին անհրաժե՞շտ են այդ կրիմինալ ֆինանսները: Ինչ պետք է տա Հայաստանը դրա դիմաց նրանց: Կամ, որն ավելի ճիշտ է, ՌԴ-ին: Դա ազդեցության լծակ կամ ավելի շուտ՝ մահակ կդառնա մեր երկրի գլխին: Ներկայացնելով ռուսահայ գործարարներին, Կարեն Կարապետյանը ակումբի ստեղծման միջոցառման ժամանակ հայտարարել էր. «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու:


Այսօր սակայն, որևէ իմաստ չկա խոսելու համակարգային փոփոխությունների, առավել ևս դրանց նոր որակի մասին, երբ մեր տնտեսության զարգացման միակ հույսը ռուսական քրեական օլիգարխիայի փողերն են: Իրավիճակը փաստորեն չի փոխվում, չենք տեսնում ոչ ներդրումները, ոչ ներդրումային ոլորտում համակարգային փոփոխությունները: Բավական է համեմատել Հայաստանում և Վրաստանում կատարվող ներդրումների թիվը, և ամեն ինչ պարզ կդառնա: Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում 2016 թվականին արտասահմանյան ներդրումները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, իսկ Հայաստանում կատարված ներդրումները՝ 200 միլիոն: Այս երկու թվերով ամեն ինչ ասված է: Իսկ սա նշանակում է , որ մոտ ապագայում ներդրումների և տնտեսական աճի բացակայությունը Կարապետյանի համար մեծագույն ֆիասկոյի կարող է հանգեցնել, երբ վերջինս ձեռք չբերելով քաղաքական հենարան, կարող է կորցնել նաև տնտեսական բլոկի վրա վերահսկողությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է վարչապետի դիրքերի թուլացում բոլոր բևեռներում:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ