ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել էր Տավուշի մարզի համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը: Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը ներկայացրել էր մի շարք ծրագրեր: Համայնքապետն ասել է, որ առկա է գյուղտեխնիկայի խնդիր և ավելացրել, որ դրա լուծմամբ հնարավոր կլինի մշակվող գյուղատնտեսական տարածքներն ավելացնել 100 հեկտարով:

 

«Նստում եք-խոսում եք, լիզինգի ստարտային 20 տոկոս վճարը կառավարությունը կտրամադրի, դե ամեն ինչով «պադերժկա» արեք, իրականում մարդը կոնկրետ հասկանում ա՝ ինչ ա պետք անել»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է միջազգային ծրագրերը հնարավորինս ընդգրկել համայնքների զարգացմանը միտված նախագծերում:

 

Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ վարչապետի յուրաքանչյուր խոսքը գործնական է. «Դեռևս մեկ օր է անցել և կարծում եմ՝ ամեն բան կկատարվի պատշաճ կերպով: Մենք համայնքի ծրագիրն ենք ներկայացրել՝ բոլոր խնդիրներով հանդերձ, որը հավանության արժանացավ վարչապետի կողմից և մարդիկ պատրաստ են համայնքին աջակցելու բոլոր խնդիրները լուծելու համար»

 

Գյուղապետի խոսքով՝ որոշ ժամանակ անց կտեսնենք, որ հանրապետության վարչապետի խոսքը իրականություն կդառնա. «Համայնքն ունի տրակտորի, կոմբայինի խնդիր և պատրաստ են մեզ օգնելու տարբեր ծրագրերով, որպեսզի կարողանանք համայնքի բոլոր խնդիրները լուծել»:

 

Սաղոյանն ընդգծեց՝ Չինարին թեև ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն կանգուն կանգնած է և հույս ու հավատով նայում են ապագային:

 

Սոնա Հարությունյան