«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ մայիսի 17-ին, խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե հենց սկզբից տեղյակ է եղել մանդատներից հրաժարվելու դիմումների հետ կապված իրավիճակին։ 

 

Ծառուկյանի խոսքով՝ ոչ ոք էլ չգիտի՝ իրականում ինչ է եղել․ «Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել՝ ինչի համար է, ով է բզբզում, ինչ է ուզում, ինչ ուղղվածություն է, ինչ քամիներ են։ Կա քաղաքական պրոցես, որը պետք է թողնես հասունանա, որպեսզի հասկանաս՝ ովքեր են դրանով  շահագրգռված, որն այսօր Ծառուկյանը գիտի»։

 

Ծառուկյանը նշել է, թե մանդատից հրաժարվելու դիմումները ներկայացնելուց հետո քաղաքական որոշում էր փոխվել։ Վեց անձի ինքն է ասել, որ գնան դիմումները հետ վերցնեն, մյուս վեցի հետ էլ ԿԸՀ-ի նիստից հետո է զրուցել։

 

«Բոլորն էլ տեղը տեղին կքննարկվի, ճիշտ որոշումները կկայացվեն»,- ասել է դաշինքի առաջնորդը։

 

«Ես ոչ մեկիդ չեմ ուզում կորցնել, ամեն մեկդ էլ մեծություն եք, արժեք եք, ձեռագիր եք թողել։ Այսօր իրականությունն այնքան է փոխվել, որ բզելով, խառնելով, պղտոր ջուր գտնելով, մարդուն խառնաշփոթության մեջ դնել պետք չէ։ Սա մեզ համար դաս է, որ կարողանանք հասկանալ մեկը մյուսին հարկավոր է հարգի, գնահատի, իր կողքը կանգնի։ Նոր կանոնադրություն է մշակած խմբակցության համար, բոլորդ ծանոթացեք․ բոլորդ հավասար իրավունքներ ունեք ասելու, քննարկելու և մենք պարտավոր ենք լսելու մարդու կարծիքը, տեսակետը, անկախ նրանից, թե դա ով է ասել։ Մեր ցանկացած ծրագրի իրականացումը մեր միասնության մեջ է»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը։