Երեկ իշխող Հանրապետականի ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ի վերջո բացեց փակագծերը և հայտարարեց, թե ովքեր են զբաղեցնելու ԱԺ նախագահի և մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնները:

 

Հանրապետականը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Արա Բաբլոյանի թեկնածությունը, և, ինչ խոսք, նման հանգուցալուծումը կարելի է անակնկալ համարել: Չնայած այն իրողությանը, որ Արա Բաբլոյանը խորհրդարանական ընտրություններում հանրապետականի 4-րդ համարն էր, այնուամենայնիվ, նա չունի քաղաքական կենսագրություն և երբևե աչքի չի ընկել ակտիվ պատգամավորական գործունեությամբ: Բացառություն էր թերևս միայն 2012 թվականի փետրվարը, երբ լրագրողները արձանագրել էին ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների քվեարկությունն ուրիշի փոխարեն: Այդ թվում, օրինակ, Արեգ Ղուկասյանի, Հերմինե Նաղդալյանի, կամ Գագիկ Մելիքյանի: Այդ պատգամավորների թվում էր նաև Արա Բաբլոյանը:

 

Բայց, վերջինս այդ պատմության մեջ ցուցաբերեց բացառիկ վարք: «Բռնվածներից» նա միակն էր, որ հրապարակավ ներողություն խնդրեց այդ արարքի համար եւ հայտարարեց, թե սխալ է արել: Հիմա երեւի Գագիկ Մելիքյանն ու Հերմինե Նաղդալյանը, որոնք կրկին պատգամավոր են, շատ են ափսոսում, որ հինգ տարի առաջ ներողություն չխնդրեցին ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ արժանիքն է հիմք հանդիսացել ընտրությունը կանգնեցնել հենց Բաբլոյանի թեկնածության վրա, քանի որ քաղաքական այլ արժանիքներ՝ գոնե անզեն աչքով՝ չեն նշմարվում:


Մյուս կողմից, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք պատահական կադրային նշանակումներ չի անում: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում կարծես թե յուրօրինակ ոճ ունի այդ տեսակ անակնկալներ մատուցելու, օրինակ, նույնը մենք տեսանք Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման առումով, երբ նորից անսպասելի անձ նշանակվեց, որի անունը մինչ այդ երբեք չէր շոշափվում։ Այս իմաստով, իհարկե, անակնկալ էր, մյուս կողմից՝ Արա Բաբլոյանը դիտարկվել է Սերժ Սարգսյանի համար իբրև պահեստային տարբերակ, եթե անհրաժեշտություն առաջանա ներիշխանական բևեռում կոմպրոմիսի գնալ: Նախագահը փաստորեն գնում է այդ կոմպրոմիսին՝ ներքաղաքական պայքարում լարվածության աճը կանխելու համար: Բաբլոյանը կոմպրոմիսային ֆիգուր է և անկախ իր պաշտոնավարման ժամկետից, կարող է հանգիստ «համակեցվել» թե՛ Սերժ Սարգսյանի, և թե՛ Կարեն Կարապետյանի հետ' նայած, թե նրանցից ով 2018-ին կստանձնի իշխանության ղեկը: Արա Բաբլոյանի նշանակումը ցույց է տալիս, որ Ազգային ժողովն առաջիկա տարում առնվազն ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է լինելու, և որ իշխանության ներսում կա դիրքային լուրջ պայքար ուժերի նոր դասավորության համար։ Այս նշանակումն ապացուցեց, որ իշխանության մեջ անորոշություն մասին քաղաքական շշուկները, այնուամենայնիվ, սին չեն։


ՈՒժերի հարաբերակցության նոր դասավորության պայքար՝ իսկապես կա, և այս պահին չկա որոշակի հանգուցալուծում, որը թույլ կտար քաղաքական որևէ ֆիգուր նշանակել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Արա Բաբլոյանի նշանակումը վկայեց, որ Սարգսյանին հաջողվել է խորհրդարանը քաղաքականից վերածել խորհրդանշական կառույցի և դա լիովին համահունչ է Հայաստանում իշխող համակարգի եւ առկա ներքաղաքական վիճակի տրամաբանությանն ու խնդիրներին, դրանց առանցքային գծերին:

 

Այժմ անդրադառնանք մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ դիտարկման: Խորհրդարանական ընտրությունները իշխանության համար անցան քաղաքական սերնդափոխության կարգախոսի ներքո: Մինչդեռ հպանցիկ հայացքը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների կազմին հուշում է, որ ՀՀԿ խոսքի և գործի միջև սարերի ու ձորերի տարբերություն է: Որևէ մեկը չի պնդի, որ Խոսրով Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, կամ Գագիկ Մինասյանը ՀՀԿ նոր դեմքերն են կամ սերնդափոխության դրոշակակիրները: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀԿ-ում նախընտրել են դիմել ոչ թե համակարգային, այլ կոսմետիկ սերնդափոխության, որը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական պարզագույն ֆիկցիա: Իսկ քաղաքական սերնդափոխության խնդիր իշխող հանրապետականը իր առջև չի դնում պարզ պատճառով՝ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտի լճացման պայմաններում չունի ներքին խնդիրներ, որոնց լուծման համար ստիպված կլիներ զոհաբերել «հին գելերին»: Միևնույն ժամանակ, չմոռանանք, որ ՀՀԿ մեծամասնությունը շարունակում է մնալ օդիոզ տարրը, որին առնվազն խորհրդարանի տարածքում «հավաք» պահելու համար երիտասարդ հանրապետականների կշիռը չէր բավարարի: Այդ գործի համար կուսակցական շկոլա է պետք, կամ առնվազն բժշկի դիպլոմ, չէ՞ որ Բաբլոյանն ինքը շեշտեց, որ մանկաբույժ է, և գիտի՝ ինչպես վարվել չարաճճիների հետ:

 

Փաստորեն, կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ունենք կլինիկայի վերածելու Ազգային Ժողով…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ