Այսօր՝ մայիսի 18-ին, ԵԼՔ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի թեկնածու Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է արդյոք ավելացնելու քաղաքական փոքրամասնության քվոտան։

 

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ խորհրդարանում կան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն, քանի որ դրանց արդյունքում ծնվում են կոնսենսուսային որոշումներ. «Ես պատրաստ եմ Սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում անել ամեն ինչ, որ խորհրդարանական փոքրամասնությունը կարողանա իրացնել իր իրավունքները։ Այո՛, կանեմ առավելագույնը, որ փոքրամասնությունը իր որոշումների արդյունավետության վրա կասկածներ չունենա»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։