Այսօր, մայիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային Ժողովի անդրանիկ նիստը: ԱԺ առաջին նիստին ծավալուն ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նախագահը անդրադարձավ երկրի համար կարևորագույն մի շարք խնդիրների: Սերժ Սարգսյանի ելույթը շարքային չես անվանի: 2018-ին ընդառաջ իր կողմից արված շեշտադրումները հիմք են տալիս պնդելու, որ Սերժ Սարգսյանը ԱԺ բարձր ամբիոնից ոչ թե հեռանալու, այլ նոր մեկնարկի հայտ ներկայացրեց:


Դատեք ինքներդ: Նախագահը խոսեց պետական քաղաքականության գործնականում բոլոր ուղղությունների շուրջ` անդրադարձ կատարելով անգամ տնտեսությանը և վիճակագրական տվյալներին: Նախագահի ելույթի մեսսիջները ուղղված էին քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, ըստ այդմ, Սերժ Սարգսյանը առկախված թողնելով իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցը միևնույն ժամանակ հնգամյա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշների, արտահանման ցուցանիշների և այլ վիճակագրական նշաձողեր է սահմանում: Նման քաղաքական հեռանկարությունն առնվազն տարօրինակ է հեռացող և քաղաքական ամբիցիաները վայր դրած նախագահի համար: Սերժ Սարգսյանը իր ելույթի շեշտադրումներով իրականում հանրությանը տեղեկացրեց, թե ինչպիսի չափանիշներ են գործելու 2018-ին վարչապետի ընտրության հարցում՝ իրեն հռչակելով 2018-ի վարչապետի թեկնածու:


Ոչ պակաս ուշագրավ շեշտադրումներ էին առկա Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածում, որը վերաբերվում էր արցախյան հիմնահարցին: Նախագահը բացահայտ հայտարարեց, որ իշխանությունները կողմ են ստատուս քվոյի փոփոխությանը. «Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն' շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ է, որ նախագահը այս համատեքստում անդրադարձավ նախընտրական շրջանում այս հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վարդան Օսկանյանի բարձրաձայնած թեմաներին: 


Ս.Սարգսյանն ընդգծեց, թե փորձ է կատարվել վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, ըստ նրա' չստացվեց։ «Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ»։ Սա ակնհայտորեն Լևոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, որը ԱԺ ընտրությունների շրջանում հանդես եկավ իր խաղաղության ծրագրով, ընդ որում, երկար ժամանակ կոնգրեսականները դժգոհում էին, թե իրենց ներկայացրած ծրագրին ի պատասխան ոչ ոք, և հատկապես ՀՀԿ-ն չի պատասխանում:


Այն որ Կազանի փոստաթուղը չի բխում հայկական կողմի շահերից՝ բացահայտում է ռուսական «Коммерсант» պարբերականը: Պարբերականը ամիսներ առաջ հրապարակել էր մի հոդված, որում մանրամասներ է ներկայացնում նշված փաստաթղթից: Խոսքը Հայաստանի պարագայում Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի շրջանները ամբողջությամբ, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ ադրբեջանական կողմին հանձնելու մասին է: ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն հերքել այս տեղեկատվությունը, իսկ այսօր արդեն, ԱԺ բարձր ամբիոնից նախագահը հայտարարում է, որ Կազանյան փաստաթղթի ընդունումը տապալվել է միայն Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով ու նշված փաստաթուղթը շարունակում է մնալ միակ աշխատանքային փաստաթուղթը՝ նշանակում է նա կողմ է խնդրի լուծման կազանյան տարբերակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը կյանքի կոչել այն:


Գուցե դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ հայտարարում էր, որ հարցը պետք է լուծվի օր առաջ և ամեն բան արվի գալիք սերունդների ուսերին այն չթողնելու համար: Նախագահի ելույթին նախորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների անչափ ուշագրավ ակնարկները, որոնք կարծես թե վկայում են ղարաբաղյան բանակցային գործընթացը մեռյալ կետից առաջ մղելու փորձերի մասին: Հարցն այն է, թե որ ուղղությամբ գործընթացը կշարժվի: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հունիսին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որից հետո կարող է արտաքին գործերի նախարարների հանդիպման անհրաժեշտություն ծագել: Նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովն անմիջապես պատասխանել է՝ ասելով, որ վերջերս Նալբանդյանի հետ կայացած հանդիպումից տպավորություն է ստացել, որ հայկական կողմը պատրաստ է զորքեր դուրս բերել խաղաղության դիմաց: Եթե այդպես է, հանդիպումն իմաստ ունի, ասել է նա: Ստացվում է, եթե Հայաստանը չմասնակցի հանդիպմանը՝ ուրեմն առնվազն այս փուլում իշխանություններն այդ քայլին գնալու անհրաժեշտ ռեսուրսները և կամքը չունեն, արդյունքում բանակցությունների տապալման մեղքը կբարդվի Երևանի վրա: Իսկ եթե պաշտոնական Երևանը համաձայնվի մասնակցել հանդիպմանը, նշանակում է Հայաստանը պատրաստ է դուրս բերել զորքերը: Այս համատեքստում նախագահի այսօրվա ելույթը ԱԺ-ում ստանում է բավականին ուշագրավ ենթատեքստ:

 

Արդյո՞ք սրանով նախագահը մեսիջ է հղում նորաթուխ պատգամավորներին, որ այս ԱԺ-ին է հենց վերապահված լինելու հողերը հանձնելու, զիջելու դերը: Իրականում հավանականությունը, որ հենց այդպես էլ կլինի՝ ավելի քան մեծ է:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ