Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մայիսի 14-15-ին անցկացվեց Մետաքսի ճանապարհի նախագծի վերաբերյալ միջազգային խոշոր համաժողով, որին ներկա էր մոտ երեք տասնյակ պետության ղեկավար՝ նախագահ կամ վարչապետ: Համաժողովին ներկա էին ԵՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ` Հայաստանի: Սերժ Սարգսյանն այդ օրերին ոչ թե Չինաստանում էր, այլ մեկնել էր Քաթար, որտեղ հանդիպում էր այդ երկրի ղեկավարության հետ եւ փորձում ներդրումներ ներգրավել դեպի Հայաստան:

 

Որևե մեկի համար կասկած չի հարցում այն իրողությունը, որ կարևոր է Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» չինական նախագծում իր տեղն ու դերն ունենա, այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ մեր երկիրը Պեկինում այս օրերին անցկացվող «Մետաքսի ճանապարհ» մեծ միջազգային համաժողովին ներկա լիներ բարձր մակարդակով: Մինչդեռ այս կարևորագույն համաժողովին Հայաստանը ներկայացվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, ու նաեւ կապի ու հեռահաղորդակցության նախարարների մակարդակով՝ Սուրեն Կարայան եւ Վահան Մարտիրոսյան: Նման առանցքային համաժողովներին Հայաստանի մասնակցությունը պետք է դիտարկել մեր երկրի գործունակության պրիզմայի ներքո: Ինչ ունի առաջարկելու Հայաստանը կամ ինչ ակնկալիքներ ունի՝ որևէ բան ստանալու: Միանշանակ թե մեկը թե մյուսը զրոյական մակարդակի վրա են: Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցել է բազմաթիվ համաժողովների, սակայն արդյունքը եղել է մեկը՝ մեր գիտակցումը, որ այնտեղ ընձեռվող հնարավորություններից մենք ի զորու չենք օգտվել:


Մինչդեռ այլ երկրների օրինակները հուշում են, որ նման հարթակները կարող են տնտեսության զարգացման համար լավագույն խթանը հանդիսանալ: Չինաստանը Վրաստանի հետ ստորագրել է ազատ առեւտրի համաձայնագիր, որը նշանակում է, որ վրացական ապրանքները, այդ թվում գինիները, չինական մեկուկես միլիարդանոց շուկայում կհայտնվեն առանց մաքսատուրքի: Չինաստանը նաեւ պատրաստվում է Վրաստանում հիմնել զարգացման բանկ՝ մեկ միլիարդ դոլար հիմնադիր կապիտալով: Ինչպես գիտենք, 2008-ին մենք նույնպես հանդես եկանք Համահայկական բանկի ստեղծման նախաձեռնությամբ, սակայն մինչ օրս հասկանալի չէ, թե որն էր սույն կառույցի ստեղծման նպատակը և ինչ արդյունք այն ապահովեց: Չինաստանը բազմիցս ամենաբարձր մակարդակով առաջարկել է Հայաստանին մեզ հարիր տեղն ու դերը Մետաքսի ճանապարհի նախագծում: Այն որ մենք ադեկվատ ունակ չենք օգտվել մեզ ընձեռված հնարավորություններից պետք է բարդել միայն ու միայն պատկան մարմինների ապիկարության վրա: Չինաստանն ըստ էության Մետաքսի ճանապարհի նախագիծը մի քանի տարի առաջ է սկսել իրականացնել: Դա Չինաստանի համար ցամաքային կապն է Եվրոպայի հետ, որովհետև ըստ էության այդ երկիրն աշխարհի հետ հիմնականում կապվում էր ծովային ճանապարհով: Հայաստանի համար պրոբլեմներ կան, բայց այդ նախագծերի իրականացումն ինքնին նշանակում է, որ տարածաշրջանի աշխարհքաղաքական, աշխարհատնտեսական դասավորվածությունն ու պատկերը փոխվելու է: Եվ որքան շուտ Հայաստանն ակտիվ մասնակից դառնա այդ ծրագրերին, բնականաբար, այնքան շատ կշահի:

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը նշանակում է, որ Հայաստանը տրանսպորտային առումով միանում է պանեվրոպական, այսպես կոչված, տրանսպորտային միջանցքներին, դառնում է ըստ էության այդ տնտեսական տարածքի, այդ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի մաս: Դա, ի դեպ, Հայաստանի համար շատ բնական է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ շրջափակումն Արևմուտքից ու Արևելքից: Դա Հայաստանի միակ շանսն է աշխարհի հետ կապ ունենալու համար: Երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի միջոցով ելք դեպի ծովեր, և ըստ էության դա շրջափակման հաղթահարում է:


Սակայն կտրվելով քաղաքական երազանքներից, գալով հայաստանյան տնտեսական և քաղաքական իրականություն տրամաբանական հարց է առաջանում. բարձր մակարդակով գնանք Պեկին ի՞նչ անենք, այն պարագայում երբ 2008 թվականին հայտարարվեց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին և կարճ ժամանակ անց այդ ռազմավարական նշանակություն ունեցող պրոյեկտը մոռացության գիրկը անցավ: Բարձր մակարդակով գնանք Պեկին ի՞նչ անենք, երբ մեր երկիրը հայտարարել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մասին, բայց այդ գործընթացը ընթանում է այնպիսի տեմպերով, որ կողքից նայողին կարող է թվալ՝ հյուսիս և հարավ բևեռներն ենք միմյանց կապում: խնդիրը մասնակցության մակարդակը չէ, որովհետեւ տնտեսական և քաղաքական ինքնուրույն գործոն չդառնալու պարագայում Հայաստանի մասնակցության հանգամանքը շարունակելու է լինել ընդամենը «ներկա ստանալու» համարժեք:

 

Ստելլա Խաչատրյան