ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ կատարվածը համարում է սադրանքի արդյունք, որին դիմել է Զարուհի Փոստանջյանը. «Եթե մի երևույթ արդեն իր մեջ սադրանք է պարունակում, դա արդեն լի է նման միջադեպերով: Ես վստահ եմ, որ ոչ մի ոստիկան նրա և նրա դստեր վրա ձեռք չէր բարձրացնի, պետք չէ միայն մի քանի կադր նայելով՝ նման տեսակետներ հայտնել»:

 

Ալիկ Սարգսյանը միևնույն ժամանակ չհերքեց, որ գուցե եղել են ոստիկաններ, ովքեր ինքնագործունեությամբ են զբաղվել և նման քայլի դիմած ոստիկանները կարժանանան հաապատասխան վերաբերմունքի. «Ոստիկանության կողմից նախապես կազմակերպված արարք չի եղել, ոստիկանապետն էլ չէր դիմի նման քայլի: Ոստիկանապետը նման քայլ չէր անի, վստահ եմ, և չի բացառվում, որ ինչ-որ մեկը ինքնագործունեությամբ է զբաղվել, չէ՞ որ մեծ, բազմահազարանոց համակարգ է: Ոստիկանապետը, կարծում եմ, կպատժի ինքագործունեությամբ զբաղվածներին»:

 

Դիտարկմանն՝ ինքն իրավաչա՞փ է գնահատում ոստիկանների գործունեությունը, պատգամավորը պատասխանեց. «Այդ կադրերից առաջ ոստիկանները տասնյակ անգամ նրան խնդրում են չանել այն, ինչն իրեն օրենքով արգելվում, է բայց երբ տասն անգամ ասում են, և ոստիկանի ասածը տեղ չի հասնում, նա հասցնում է նման գործողությունների, իսկ ինչ վերաբերում է նրա աղջկան՝ ապա կարծում եմ՝ ոչ մի ոստիկան իրեն նման բան թույլ չի տա»: