Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ: Այդ մասին մայիսի 19-ին հայտնել է BBC News-ը:

 

Բացի այդ, Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ Շվեդիայի դատախազությունը դատարան է ուղարկել հարցում Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19-ը վերջին օրն էր, երբ դատախազությունը պետք է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:

 

Ասանժը մերժում էր բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

 

2012 թվականից Ասանժն ապրում է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը: Դեսպանատան սահմաններից դուրս գալու դեպքում 45-ամյա Ասանժին կալանք է սպառնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: